Իրաքի կառավարական բանակը ազատագրել է «Իսլամական պետության» ձեռքում գտնվող Մոսուլ քաղաքի օդանավակայանը և մոտաակայքում գտնվող «Գազանի» ռազմաբազան: Մարտեր շարունակվում են վերահսկողությունն ամրապնդելու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Live from Mosul airport https://t.co/j2SbgO0Clt
— Quentin Sommerville (@sommervillebbc) February 23, 2017
Մարտերին կառավարական բանակի ուժերից բացի, ներգրավված են նաև Իրաքի ոստիկանության և ՆԳ նախարարության ստորաբաժանումներ: «Իսլամական պետությունը» իրավիճակը շտկելու նպատակով հիմնականում օգտագործում է մեծ թվով ինքնաշեն պայթուցիկ սարքերով բեռնված մեքենաներ:
Օդանավակայանը և ռազմաբազան տեղակայված են քաղաքի հարավում: Քաղաքի արևմտյան մասում դրանք ահաբեկիչների պաշտպանության առաջին գիծն են: Օդանավակայանի ազատագրումից հետո ԻՊ-ի համար դժվար կլինի քաղաքի հարավից արևմուտք աջակցություն ստանալ:
Հավելենք, որ CNN լրատվակայքը, մեջբերելով ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի խոսնակին, հայտնում է, որ վերջին 2 ամսվա ընթացքում ԻՊ կողմից բացված կրակի ընթացքում Մոսուլում ԱՄՆ ԶՈւ զինծառայողներ են վիրավորվել: Խոսնակը, սակայն, զինծառայողների թվի և վիրավորվորների մասին հավելյալ տեղեկություն հրաժարվել է հայտնել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 19-ին, Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել էր ԻՊ-ից Մոսուլի արևմտյան մասի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Գործողության շրջանակներում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան ևս ավիահարվածներ է հասցնում քաղաքի ԻՊ դիրքերին։
Մոսուլ քաղաքի և հարակից տարածքների ազատագրման գործողության մեկնարկի մասին հայտնել է Իրաքի վարչապետը 2016 թվականի հոկտեմբերի 17-ին։ Գործողությանը մասնակցում են Իրաքի կառավարական բանակի, քրդական Փեշմերգե զորաջոկատների մարտիկներ, ինչպես նաև շիա աշխարհազորայիններ:
Մոսուլի ազատագրմանը աջակցում է նաև ԱՄՆ գլխավորած կոալիցիան, որը ավիահարվածներ է հասցնում Մոսուլում տեղակայված ԻՊ դիրքերին:
Հիշեցնենք նաև, որ 2014 թվականի հունիսին ԻՊ զինյլաներին հաջողվել էր Մոսուլից դուրս մղել կառավարական բանակը և սահմանել հսկողություն մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքի վրա։
Pingback: Իրաքի բանակը մուտք է գործել արևմտյան Մոսուլ | Ռազմ.info