Թուրքիայում կին զինծառայողներին թույլատրել են գլխաշոր կրել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը փետրվարի 22-ին տեղեկացրել է, որ զինված ուժերի հագուստի կրման կարգի մասին օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ այսուհետ թուրքական զինուժում ծառայող բոլոր զինվորական կանայք ևս իրավունք ունեն գլխաշոր կրել։ Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալության կայքը։

Գլխաշորը տրամադրվելու է զինվորական համազգեստի հետ միասին, համազգեստի գույնին համապատասխան։ Գլխաշոր կրելու իրավունք բացի զինծառայողներից ստանում են նաև իգական սեռի կուրսանտները։

Թուրքիայի պարագայում սա բավականին արտառոց երևույթ է, եթե հաշվի առնենք, այն, որ 1980 թ․ ռազմական հեղաշրջումից հետո ընդունված օրենքներով անգամ ցանկացած քաղաքացիական, հասարակական աշխատող էր արգելվում գլխաշոր կրել։ Դա համարվում էր Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալի աշխարհիկ գաղափարախոսության դրույթներից շեղում և անդրադարձ հետադիմականությանը։

Սակայն Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության իշխանության գալուց հետո այդ երկրի վարչապետ, իսկ այնուհետև նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերով այդ օրենսդրական դրույթները հերթով փոփոխվեցին, ինչից հետո հնարավոր եղավ աստիճանաբար իսլամական ավանդույթները ներմուծել Թուրքիայի նշված կառույցներ, ոլորտներ։

Դեռևս 2015 թ․ Թուրքիայի զինուժում ծառայող քաղաքացիական կանանց էր թույլատրվել գլխաշոր կրել։ Այս նոր օրենքը ուժի մեջ մտած կհամարվի Թուրքիայի պաշտոնական տեղեկատուում հրապարակվելու օրվանից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *