Ռուսաստանը և Իրաքը կշարունակեն համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության տնօրեն Ալեքսեյ Ֆրոլկինը IDEX-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը և Իրաքը պատրաստ են քննարկել Իրաքի զինված ուժերին ՌԴ բոլոր տեսակի սպառազինություն մատակարարելու հարցը:

2014-ին Ռուսաստանի՝ Իրաքին փոխանցած Մի-28ՆԷ ուղղաթիռը

2014-ին Ռուսաստանի՝ Իրաքին փոխանցած Մի-28ՆԷ ուղղաթիռը

Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Իրաքի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը բավականին էֆեկտիվ է զարգանում: Ռուսաստանի զգալի աջակցություն է ցուցաբերում Իրաքի զինված ուժերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում»,-ասել է Ֆրոլկինը:

Նա նաև նշել է, որ ռազմատեխնիակական համագործակցության ոլորտում Մոսկվայի և Իրաքի միջև կնքված վերջին պայմանագիրը վերաբերում է Իրաքին Մի-28ՆԷ ուղղաթիռների («Գիշերային որսորդ») մատակարարմանը:

Նշենք, որ  Մի-28ՆԷ ուղղաթիռների մատակարարումը Իրաքին իրականացվել է 2012-ին Մոսկվայի և Բաղդադի միջև կնքված պայմանագրի համաձայն, որով նախատեսվում է 4,3 մլրդ ամերիկյան դոլարի սպառազինություն գնել Ռուսաստանից:

2016-ի հոկտեմբերին ազմատեխնիկական համագործակցության ծառայության տնօրենի տեղակալ Անատոլի Պունչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը ավարտել է Իրաքին Մի-28ՆԷ ուղղաթիռների խմբաքանակի մատակարարումը:

Հիշեցնենք, որ 2014-ի հունիսի երկրորդ կեսին Իրաքը արագացված կարգով Սու-25 գրոհիչներ է գնել Ռուսաստանից: Դրանք անմիջապես մատակարարվել են Իրաքի զինված ուժերին, իսկ այդ մասին պատմող տեսանյութը դրվել էր համացանցում:

Իրաքի ԶՈւ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» հրանետները 2015-ի մարտին Թիկրիտ քաղաքի պաշտպանության ժամանակ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում

Իրաքի ԶՈւ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» հրանետները 2015-ի մարտին Թիկրիտ քաղաքի պաշտպանության ժամանակ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում

Նույն թվականի հուլիսին Իրաքը Ռուսաստանի հետ նաև 1 մլրդ ամերիկյան դոլար արժողությամբ սպառազինության գնման պայմանագիր է կնքել, որով Մոսկվան պարտավորվել է իրաքյան զինված ուժերին մատակարարել ինչպես ՏՕՍ-1Ա հրանետներ, այնպես էլ հրետանային մի շարք զինատեսակներ: Ավելի ուշ, համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ Իրաքի Ումմ-Քասր նավահանգստում բեռնատար նավից իջեցրել են ՌԴ-ից Իրաքի ԶՈւ-ին ուղարկված ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետների խմբաքանակը։

Հավելենք, որ 2012-2013-ին կնքված այլ պայմանագրերով՝ Իրաքը 4 միավոր Մի-35Մ ուղղաթիռներ է ստացել 2013-ի նոյեմբերին։ Ընդ որում, 2014-ի ամռան սկզբին արդեն Իրաքի կառավարությունը կիրառել է այս 4 ուղղաթիռներն իսլամիստների դեմ պայքարում։ Դրանցից առնվազն մեկ միավորը ոչնչացվել է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *