ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Գերմանիա, որտեղից նախապատրաստական մեկամսյա վարժանքներ անցնելուց հետո կուղևորվի Աֆղանստան՝ մասնակցելու «Վճռական աջակցություն» առաքելությանը։ Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի փետրվարի 18-ի թողարկումից:
Սա Գերմանիայում Հայաստանը ներկայացնող խաղաղապահների հերթական վերապատրաստումն է, խաղաղապահները ամեն փոխարումից առաջ մարզումներ են անցկացնում այստեղ: Հայաստանցի խաղաղապահների ևս մեկ զորախումբ Գերմանիա էր մեկնել մոտ մեկ ամիս առաջ՝ հունվարի 15-ին:
Հայաստանի խաղաղապահները առաքելությանը մասնակցում են 126-131 հոգանոց կազմով:
2016 թվականի հուլիսին ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադը կշարունակի մասնակցել «Վճռական աջակցություն» առաքելությունը, իսկ դրա ավարտից հետո նաև «Տևական գործընկերություն» առաքելությանը:
Աֆղանստանում անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելությունը մարտական չէ, ուսուցողական է. հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։ Այն 2014 թվականին փոխարինել է ISAF առաքելությանը։
Նշենք, որ վերջերս Վրաստանի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն գերմանական Հոհենֆելսում ունեցած իր բազայի նմանությամբ ռազմական պատրաստության կենտրոն է պատրաստվում կառուցել Վրաստանում, որտեղ Աֆղանստան մեկնելուց առաջ պատրաստություն կանցնեն տարբեր երկրների զինծառայողներ։