Իրանն ու Ռուսաստանը ձգտում են տարածաշրջանում ռազմավարական դաշինք ստեղծել. Լարիջանի

Ռուսաստանը և Իրանը չունեն ո՛չ ռազմավարական, ո՛չ էլ մարտավարական խնդիրներ։ Երկրները Սիրիայի հարցում ունեն նույն գնահատականը և այստեղ հասել են քաղաքական համաձայնության։ Այս մասին փետրվարի 19-ին արաբական al- Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին։ Փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Անդրադառնալով երկրների հարաբերությունների ներկա փուլին՝ Լարիջանին հայտնել է, որ Ռուսաստանը և Իրանը շարժվում են տարածաշրջանում ռազմավարական դաշինք ստեղծելու ուղով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը արաբական երկրների կառավարությունների հետ քննարկում է Իրանի դեմ ուղղված ռազմական դաշինքի ստեղծումը։ 

Կոալիցիայի կազմում կարող են լինել Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Հորդանանը։ Մնացյալ արաբական երկրները նույնպես կարող են միանալ դաշինքին։ Դաշինքի անդամ որևէ երկրի վրա հարձակումը ագրեսիա է համարվելու նաև մյուսների նկատմամբ։

Հիշեցնենք նաև, որ ըստ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի՝ վերջերս արած հայտարարության՝ հակաահաբեկչական համագործակցության շրջանակներում Իրանի լիազորությամբ  ռուսական ինքնաթիռները կարող են Իրանի օդային տարածքով օժանդակել Սիրիայում ցամաքային գործողություններին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *