Իրանի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատարը մեկնել է Մոսկվա. FoxNews

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, շրջանցելով ՄԱԿ-ի պատժամիջոցները, այցելել է Ռուսաստան։ Սա Սոլեյմանիի 3-րդ այցն է Մոսկվա՝ 2015-ի ապրիլի և հուլիսի այցերից հետո։ Այս մասին փետրվարի 15-ին հայտնել է ամերիկյան FoxNews լրատվակայքը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզական ծառայություններին։

Ըստ լրատվակայքի՝ փետրվարի 14-ին Սոլեյմանին  ժամանել է Մոսկվա՝ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու Ռուսաստանի հարաբերությունները Սաուդյան Արաբիայի և այլ արաբական երկրների հետ։

ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին

ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին

Իրանցի զինվորականի այցի վերաբերյալ ճշտող հարցին Ռուսաստանի նախագահի խոսնակը հրաժարվել է պատասխանել՝ նշելով, որ հարցն իրեն չպիտի ուղղվի:

Նշենք, որ ՄԱԿ ԱԽ՝ 2007 թվականին ընդունված 1747 բանաձևով ՄԱԿ-ի անդամ երկրներին արգելվում է ընդունել կամ այլ երկիր տեղափոխել Սոլեյմանիին։ Սոլեյմանին ընդգրկված է նաև ԱՄՆ ահաբեկիչների ցուցակում։

Իսկ ըստ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի 2016 թվականին արված հայտարարության՝ Իրանի պատժամիջոցների չեղարկումից հետո էլ Սոլեյմանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները ուժի մեջ են լինելու։

Հիշեցնենք, որ այժմ  «Ղոդս» ստորաբաժանումը Սոլեյմանիի գլխավորությամբ համակարգում է Իրանի գործողությունները Սիրիայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *