Փետրվարի 16-ին Պակիստանի հարավային Սինդ նահանգում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն Լալ Շահբազ մզկիթի՝ կանանց համար նախատեսված հատվածում՝ խլելով շուրջ 80 մարդու կյանք: Առողջապահական աղբյուրները հայտնում են, որ զոհերի թիվը դեռ կարող է աճել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը արդեն իր վրա է վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը:
Մեկ օր անց՝ փետրվարի 17-ին, Պակիստանի կառավարական ուժերը տասնյակ զինյալների են ոչնչացրել: Մասնավորապես, ինչպես փոխանցում է BBC լրատվակայքը, Սինդ նահանգում սպանվել է 18 զինյալ, ևս 13-ը՝ երկրի հյուսիս-արևմուտքում:
Նշենք, որ Պակիստանի ԶՈւ խոսնակ գեներալ-մայոր Ասիֆ Ղաֆուրը ահաբեկչությունից հետո իր թվիթերյան էջում գրել է, որ անվտանգության նկատառումներով Պակիստան-Աֆղանստան սահմանը անորոշ ժամանակով փակվում է:
Պակիստանի զինված ուժերի շտաբ են կանչվել Աֆղանստանի դեսպանատան ներկայացուցիչներ, վերջիններիս հանձնել են Աֆղանստանում թաքնվող 76 զինյալի անվանացանկ և խնդրել միջոցներ ձեռնարկել և զինյալներին հանձնել Պակիստանին:
Pakistan-Afghanistan Border closed with immediate effects till further orders due to security reasons.
— Maj Gen Asif Ghafoor (@OfficialDGISPR) February 16, 2017
Նշենք, որ վերջին հինգ օրվա ընթացքում սա չորրորդ պայթունն է. բոլոր պայթյունները միասին խլել են շուրջ 100 մարդու կյանք: