2016-ին Արցախում մաքրվել է 24 ականադաշտ. Halo Trust

Արցախի տարածքը ականներից և չպայթած զինամթերքից մաքրող «Հալո Թրաստ» (Halo Trust) կազմակերպությունը հրապարակել է 2016-ին կատարած աշխատանքների հաշվետվությունը, ըստ որի տարվա ընթացքում կազմակերպության աշխատակիցները ոչնչացրել են 159 ական, կասետային զինամթերքի 165 պայթուցիկ մնացորդ, 2 ավիառումբ և 77 կտոր այլ չպայթած զինամթերք: Այս մասին Ռազմինֆոյին հայտնում են կազմակերպության՝ Արցախի մասնաճյուղից:

Ադրբեջանի բանակի «Սմերչ» համակարգից կրակված հրթիռի մնացորդը Արցախի Ջաբրայիլում

Ադրբեջանի բանակի «Սմերչ» համակարգից կրակված հրթիռի մնացորդը Արցախի Ջաբրայիլում (լուսանկարը՝ «Հալո Թրաստի», մայիս 2016)

Ընդհանուր առմամբ՝ 2016 թվականին կազմակերպությունը ականներից մաքրել է 24 ականադաշտ, ինչի արդյունքում մոտ 90 հեկտար տարածք վերադարձվել է համայնքներին՝ հողագործության համար:

Դրանից բացի, կազմակերպության ներկայացուցիչները ոչնչացրել են նաև 170 կտոր չպայթած զինամթերք, որոնց մասին կազմակերպությանը ահազանգել են զինամթերքը հայտնաբերած բնակիչները:

«Հալո Թրաստ» կազմակերպության ներկայացուցիչները նաև ուսումնական ծրագրեր են իրականացրել, որոնց ընթացքում Արցախի 10 հազար բնակչի ուսուցանել են ականային վտանգի մասին և պատրաստել են 60 մասնագետ:

Կազմակերպության հաշվետվության մեջ նշվում է, որ իրենք կարողացել են հավաքել ամբողջ Արցախն ականներից մաքրելու համար անհրաժեշտ 4 մլն դոլարի 20 տոկոսը: Հիշեցնենք, որ կազմակերպությանը նպատակն է Արցախի տարածքն ականներից և չպայթած զինամթերքից ամբողջությամբ մաքրել մինչև 2020 թվականը:

Մինչ 2016 թվականը կազմակերպության ներկայացուցիչները մաքրում էին դեռևս Արցախյան պատերազմից մնացած ականները և չպայթած զինամթերքը, սակայն դրան ավելացավ Ապրիլյան պատերազմի հետևանքով մնացած զինամթերքը: Մասնավորապես մայիսի սկզբին կազմակերպությունը հրապարակել էր Մարտակերտի Ներքին Հոռաթաղ և Մոխրաթաղ գյուղերի տարածքներում ադրբեջանական հրետակոծություններից մնացած չպայթած զինամթերքի քարտեզը:

Ավելի ուշ՝ հունիսին, «Հալո Թրաստ» կազմակերպությունը տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց՝ Արցախում չպայթած զինամթերքից և ականներից մաքրելու ենթակա տարածքներն Ապրիլյան մարտերից հետո ավելացել են 2,4 մլն քառ. մետրով (240 հեկտար): Վտանգավոր տարածքներ կան Մարտակերտում, Ներքին Հոռաթաղում – Մոխրաթաղ հատվածում, Մատաղիսում, ինչպես նաև Մարտունու և Հադրութի շրջաններում: Չպայթած  զինամթերքի մասին կազմակերպության ներկայացրած թվերը կարող եք տեսնել այստեղ:

Կազմակերպության ներկայացուցիչներն արձագանքել են նաև ադրբեջանական հրետակոծության հետևանքով բնակավայրերի մոտ մնացած բեկորների ու չպայթած զինամթերքի մասին բնակիչների ահազանգերին: Որոշ դեպքերում դրանք եղել են կասետային ռումբերի պայթուցիկ մնացորդներ, «Սմերչ» համակարգերի հրթիռների մնացորդներ և այլն:

Ավելացնենք, որ «Հալո Թրաստը» բրիտանական կազմակերպություն է, որը դոնորների հանգանակած գումարներով Հայաստանի (ներառյալ Արցախի) տարածքների ականազերծում է իրականացնում դեռևս 2000 թվականից սկսած:

Կազմակերպության տվյալներով՝ ականազերծման աշխատանքների արդյունքում վերջին 10 տարիներին զգալիորեն նվազել է Արցախում ականների պայթյուններից տուժողների քանակը:

Կազմակերպությունը մտադիր է Արցախի տարածքն ականներից և չպայթած զինամթերքից մաքրել մինչև 2020 թվականը:

Ստորև «Հալո Թրաստի» քարտեզն է, որում կանաչ գույնով նշված են արդեն մաքրված ականադաշտերը, կարմիրով՝ մինչև 2020թ. մաքրվելիք տարածքները:

One response to “2016-ին Արցախում մաքրվել է 24 ականադաշտ. Halo Trust

  1. Pingback: Բերձորի գյուղերից մեկը ականազերծելու համար կազմակերպվել է դրամահավաք | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *