Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի գումարտակների դեսանտագրոհային վաշտերը Դաղստանի լեռնային «Ադանակ» զորավարժարանում համատեղ վարժանքներ են անցկացրել Հարավային ռազմական շրջանի բանակային ավիացիայի Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռների անձնակազմերի հետ։
Այս մասին փետրվարի 15-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Վարժանքներին ներգրավվել են շուրջ 200 զինծառայող, 2 միավոր Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռ։
Վարժանքների ընթացքում ծովային հետևակի զինծառայողները ցամաքային թիրախներին հետևել են ուղղաթիռներից, այնուհետև 2-3մ բարձրությունից իրականացրել են դեսանտավորում։
Վայրէջքից հետո զինծառայողները բաժանվել են խմբերի և 10 կիլոմետրանոց երթ են կատարել դեպի պայմանական հակառակորդի տեղակայման վայր։
Ծովային հետևակի զինծառայողները մշակել են նաև պահպանվող օբյեկտ ներթափանցելու մեթոդներ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմիղը ծովային հետևակի ստորաբաժանումները «Ադանակ» զորավարժարանում վարժանքներ են անցկացնում փետրվարի 14-ից։ Մարտավարական, կրակային պատրաստության և մարտական տեխնիկա կիրառելու վարժանքներին ներգրավված է ծովային հետևակի մոտ 600 զինծառայող։