Ուկրաինական ընկերությունը կարող է ներգրավվել ռուս-չինական ուղղաթիռի արտադրությանը

Չնայած շարժիչաշինության շուրջ ռուս-ուկրաինական երբեմնի համագործակցության դադարեցմանը՝ ուկրաինական «Մոտոր Սիչ» ընկերությունը հնարավոր է ներգրավվի ռուս-չինական համատեղ նախագծման ծանր բեռնատար ինքնաթիռի ստեղծմանը:  Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Կոմերսանտ» լրատվակայքը:

Ռուս-չինական համատեղ նախագծման ծանր բեռնատար ուղղաթիռի եռաչափ պատկեր

Ռուս-չինական համատեղ նախագծման ծանր բեռնատար ուղղաթիռի եռաչափ պատկեր

Նշվում է, որ եթե գործարքը չկայանա, ապա Չինաստանն ու Ռուսաստանը պետք է ինքնուրույն սկսեն աշխատել ուղղաթիռի շարժիչի ստեղծման շուրջ: Ռուսաստանյան կողմը արդեն պաշտոնապես հաստատել է Չինաստանի հետ ուղղաթիռի արտադրության շուրջ համագործակցության ծրագիրը:

Նախագծին առայժմ ներգրավված են ՌԴ «Ռուսաստանյան ուղղաթիռներ» («Вертолеты России») և Avicopter ընկերությունները: Բանակցությունները տարվել են դեռևս 2008 թվականից, սակայն շրջանակային համաձայնագիրը ստորագրվել էր միայն 2015 թ.:

Համաձայն նախագծի՝ ուղղաթիռը պետք է ունենա հետևյալ մարտավարատեխնիկական բնութագրերը՝

  • Առավելագույն թռիչքային զանգված — 38 տ,
  • Պետք է բարձրացնի — մինչև 10-15 տ բեռ,
  • Առավելագույն արագությունը — 300 կմ/ժ,
  • Թռիչքի առավելագույն հեռավորությունը — 630 կմ,
  • Գործնական առաստաղը — 5,7 կմ

2016 թ. ռուսաստանյան կողմը հայտնել է, որ ուղղաթիռն արտադրվելու է միայն չինական շուկայի համար, քանի որ Ռուսաստանն այդ նպատակներով արդեն իսկ օգտագործում է Մի17 բեռնատար ուղղաթիռները, ինչպես նաև Մի-26 ուղղաթիռներ՝ առավել ծանր բեռներ փոխադրելու համար:

Ինչ վերաբերում է շարժիչներին, ապա այս հարցում կողմերն առայժմ խնդիրներ ունեն: Դեռևս 2015 թ. «Вертолеты России» ընկերության նախկին ղեկավար Ալեքսանդ Միխեեևը հայտնել էր, որ ուղղաթիռի համար կարող են օգտագործվել ուկրաինական արտադրության  Д-136 շարժիչներ:

Ուկրաինական ընկերությունը հերքում է համագործակցությունը նաև Ռուսաստանի հետ՝ նշելով, սակայն, որ իրենք բանակցում են անմիջապես չինական ընկերության հետ՝ ուղղաթիռների համար Դ-136 շարժիչների արդիականացված տարբերակը՝ ԱԻ-136Տ շարժիչ տրամադրելու համար. փոխանցում է «Կոմերսանտը»:

One response to “Ուկրաինական ընկերությունը կարող է ներգրավվել ռուս-չինական ուղղաթիռի արտադրությանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *