Իրադրությունը Սիրիայում շաբաթ և կիրակի օրերին

— Մարտեր Ռաս ուլ Այն քաղաքում
— Գոլանի բարձունքների իսրայելական հենակետերից մեկում սիրիական արկ է պայթել

Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Սիրիայի կառավարական ուժերը սկսել են Թուրքիայի հետ սահմանակից Ռաս ուլ Այն բնակավայրում ամրացած ապստամբների դեմ ռազմական գործողությունը: Ըստ «Ռոյթերս» գործակալության, վերջին օրերին բնակավայրից շուրջ 10 հազար մարդ հեռացել է Թուրքիա` ռազմական գործողությունների ընթացքում կորուստներից խուսափելու համար: Կառավարական ուժերը օգտագործում են հրետանի, ուղղաթիռներ և տանկեր:

Չնայած Ռաս ուլ Այնի մեծագույն մասում հաստատվել է կառավարական ուժերի հսկողությունը, այնուամենայնիվ, Թուրքիային սահմանակից արևմտյան հատվածը և Թել-Խալաֆ գյուղը դեռևս ապստամբների ձեռքում է: Թուրքիան լրացուցիչ ուժեր է կենտրոնացրել սահմանամերձ շրջաններում և ձեռնարկել անվտանգության միջոցներ: Այս շրջաններում բնակվում են մեծ թվով քրդեր, ինչը լրացուցիչ անհանգստության տեղիք է տալիս թուրքական իշխանություններին:

* * *

Նոյեմբերի 11-ին միջադեպ է արձանագրվել նաև Սիրիայի և Իսրայելի սահմանին` Գոլանի բարձունքների շրջանում, որտեղ իսրայելական հենակետի մոտ պայթել է Սիրիայից արձակված արկը: Թեև տուժածներ և վնասներ չկան, սակայն, ի պատասխան` իսրայելական ստորաբաժանումները նախազգուշական կրակ են արձակել: Տեղացիները վկայում են, որ 1973թ. արաբա-իսրայելական պատերազմից հետո սա առաջին դեպքն է, երբ իսրայելական կողմը կրակ է բացել սահմանին:

Չնայած մասնագետները հավաստում են, որ այս դեպքը պատահականություն է, իսրայելական բանակը ՄԱԿ-ի դիտորդների միջոցով հաղորդել է սիրիական կողմին, թե չի հանդուրժելու համանման դեպքերը և պատասխան կրակ է բացելու:

Կիրակի օրը, կառավարության նիստի ժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ իսրայելական ուժերը հետևում են Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և «պատրաստ են դեպքերի ցանկացած զարգացման»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *