Թուրքիայի ռազմարդյունաբերական հիմնադրամի կապիտալը 3 ամսով կփոխանցվի այլ ֆոնդի

Թուրքիայի կառավարությունը արտակարգ իրավիճակներում հրապարակվող «օրենքի ուժ ունեցող» որոշման համաձայն ռազմարդյունաբերության աջակցման հիմնադրամի (ՌԱԱՀ) միջոցները՝ 3 մլրդ թուրքական լիրա (~814 մլն ԱՄՆ դոլար), 3 ամսից ետ վերադարձնելու պայմանով փոխանցվում են Թուրքիայի սուվերեն հիմնադրամին։

Հունվարի 31-ի որոշումը փետրվարի 6-ին հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկատուում և համարվում է ուժի մեջ մտած։

Նշենք, որ ՌԱԱՀ-ն հիմնադրվել է 1985 թ․՝ ռազմաարդյունաբերության ոլորտում ներդրումներ ապահովելու նպատակով։ Հիմնադրամի միջոցները գոյանում են զինված ուժերի զարգացման հիմնադրամից փոխանցվող գումարների, եկամտահարկից, վառելիքի հարկից, ծխախոտի ու խմիչքի հարկերից հատկացվող տոկոսների հաշվաին։ Տարբեր շրջաններում ռազմարդյուաբերության աջակցման ֆոնդը ապահովել է ռազմական ծախսերի մինչև շուրջ 15 տոկոսը (մյուս մասը հատկացվում է պետբյուջեից)։

Հիմնադրամը գտնվում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության կազմում, միջոցներն ուղղվում են ռազմական նշանակության արտադրանքների ձեռքբերմանը, արտադրության կազմակերպմանը։ 2017 թ․ ծրագրով ևս հիմնադրամի գումարների հաշվին նախատեսված են մի շարք ծախսեր։

Ներկայում չի նշվում, թե ՌԱԱ հիմնադրամից վերցվող գումարները ինչ նպատակներով են կոնկրետ ծախսվելու, ինչպես նաև այն, թե 3 ամիս անց ինչ միջոցներից են հետ փոխանցվելու։ Սակայն, ամենայն հավանականությամբ, առնվազն 3 ամիս նշված միջոցները ռազմական նպատակներով չեն կարող ծախսվել։

Ավելացնենք, որ սուվերեն ֆոնդի հաշվին փոխանցվում են նաև թուրքական ամենախոշոր բանակի, նավթավերամշակող ընկերության և մի շարք այլ կառույցների միջոցներ։ Հիմնադրամի բյուջեն խորհրդարանաի և Հաշվիչ դատարանի վերահսկողությունից դուրս կլինեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *