Վրաստան. ռազմաքաղաքական շաբաթվա ամփոփում. նոյեմբեր 5–11

• Դատարանը կասեցրել է Կալանդաձեի լիազորությունները
• Վրաստան-ՆԱՏՕ համագործակցություն
• Խաղաղապահ գումարտակը վերադարձել է Աֆղանստանից

Նախորդ օրը ուշագրավ զարգացումներ են արձանագրվել Վրաստանի ԶՈՒ միացյալ շտաբների պետ` Գեորգի Կալանդաձեի անձի շուրջ: Վրացական աղբյուրները հայտնել են, որ օրեր առաջ կալանավորված և գրավով ազատ արձակված Գեորգի Կալանդաձեն շարունակելու է զբաղեցնել Վրաստանի ԶՈՒ միացյալ շտաբների պետի պաշտոնը: Նոյեմբերի 10-ին Վրաստանի նախագահ Սաակաշվիլին, Կալանդաձեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Վրաստանի զինված ուժերը չեն ծառայում որևէ կուսակցության, կառավարության կամ նախագահի, այլ ծառայում են վրաց ժողովրդին»:

«Չնայած տեղի ունեցած այս անթույլատրելի դեպին` գտնում եմ, որ բոլորը պետք է հարգանքով վերաբերվեն մեր զինված ուժերին: Ոչ ոք իրավունք չունի վիրավորելու սպայի պատիվը, առավել ևս` գլխավոր շտաբի սպայի պատիվը»,— ասել է Սաակաշվիլին: Նշենք նաև, որ երկու օր առաջ հետաձգվել էր նաև ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի այցելությունը Վրաստան` միացյալ շտաբների պետի բացակայության պատճառով:

Նոյեմբերի 11-ին, սակայն, Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումով կասեցվել են Վրաստանի ԶՈՒ միացյալ շտաբների պետ Գեորգի Կալանդաձեի և ԶՈՒ 4-րդ հետևակային բրիգադի հրամանատար Զուրաբ Շամատավայի լիազորությունները:

* * *

Նոյեմբերի 9-ին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան և Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները: Պաշտպանության նախարարը Դաշինքի ներկայացուցիչի հետ զրուցել է համագործակցության հետագա ընդլայնման և Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրի մասին:

* * *

Վրաստանի ԱԳՆ-ը հայտնել է, որ Վրաստանի նորանշանակ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի արտասահմանյան առաջին այցելությունը լինելու է Բրյուսել` նոյեմբերի 12–14-ը: Իվանիշվիլին հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենի և նրա տեղակալի` Ալեքսանդր Վերշբոուի հետ: Վարչապետին ուղեկցելու են Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան և եվրոպական և եվրատլանտյան կառույցների հետ ինտեգրման պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին: Ուշագրավ է, որ նույն օրերին նախատեսվում է նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու այցելությունը Պրահա և Բրյուսել:

Հոկտեմբերի կեսերին այցելելով Վրաստան` Ջեյմս Ապատուրայը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն հավատարիմ է Բուխարեստի գագաթաժողովի որոշումներին և Վրաստանի տարածքային ամբողջականությանը:

* * *

Անցած շաբաթ Վրաստան է վերադառնում Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացնող Վրաստանի ԶՈՒ երկրորդ բրիգադի 23-րդ գումարտակը: Գումարտակի 246 մարտիկները փոխգնդապետ Ռոման Ջանջուլիայի հրամանատարությամբ ԱՄՆ ուժերի կազմում 7 ամիս առաքելություն էին իրականացնում Աֆղանստանի Գիլմենդ նահանգում: Գումարտակը ծառայության ընթացքում կորուստ չի ունեցել: 23-րդ գումարտակին այժմ փոխարինում է Վրաստանի ԶՈՒ առաջին բրիգադի 12-րդ գումարտակը:

* * *

Նոյեմբերի 5–9 Վրաստանում ընթանում էին տեղեկատվական և կիբեր անվտանգության դասընթացներ, որոնց ավարտին, սերտիֆիկատներ հանձնեցին Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Լևան Դոլիձեն և Վրաստանում Էստոնիայի դեսպան Պրիիտ Տուրկը: Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանի ՊՆ ռազմավարական և առաջնորդության կենտրոնի և ՆԱՏՕ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *