Ռուսաստանը սկսել է Չինաստանին փոխանցել Սու-35 կործանիչների հերթական խմբաքանակը

Մեկնարկել է Չինաստանին ռուսաստանյան արտադրության Սու-35 կործանիչների մատակարարումը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ՝ 2017-ի փետրվարի 2-ին, հայտնի էր դարձել, որ Չինաստանին մատակարարվելիք 24 միավոր Սու-35 կործանիչների երկրորդ խմբաքանակը (10 միավոր) Չինաստանը ստանալու է 2017-ին, իսկ վերջին 10 միավոր կործանիչները կմատակարարվեն 2018-ին։ 

Ռուսաստանը և Չինաստանը 24 միավոր Սու-35 կործանիչի պայմանագիր են ստորագրել 2015-ին: Համաձայնագրի արժեքը գնահատվում է 2,5 մլրդ դոլարից ոչ քիչ: Պայմանագիրը ներառում է նաև ցամաքային սարքավորումներ և պահեստային շարժիչներ: Առաջին խմբաքանակը, որ  բաղկացած էր 4 միավոր Սու-35  կործանիչներից Ռուսաստանը մատակարարել է 2016-ի դեկտեմբերին։

Սու-35 կորչանիչներն արտադրվում են «Սուխոյ» ընկերության գործարաններում։ Այն Սու-27-ի արդիականացված տեսակն է։ Թևերի բացվածքը 14,75 մ է, բարձրության վրա առավելագույն արագությունը՝ 2500 կմ/ժ, թռիչքի հեռահարությունը՝ 4500 կմ։ Զինված է 30 մմ տրամաչափի ԳՇ-30-1 ավիացիոն թնդանոթով ու հրթիռներով, մարտական բեռնվածությունը՝ 8000 կգ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *