Մոսկվայում կայացել է Աֆղանստանի հարցերով ՀԱՊԿ աշխատանքային խմբի նիստը

Նոյեմբերի 9-ին Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդին կից Աֆղանստանի հարցերով աշխատանքային խմբի նիստը:

Նիստին մասնակցել են ՀԱՊԿ անդամ-պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների տեղակալները, ազգային կոորդինատորներ և ԱԳՆ ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ասել է, որ ՀԱՊԿ-ը նախապատրաստվում է 2014 թվականին Աֆղանստանում իրավիճակի վատթարացմանը:

Նրա խոսքով՝ այժմ ՀԱՊԿ-ի առաջնային խնդիրներն են 2013-2014 թվականներին Աֆղանստանում իրադրության փոփոխության կանխատեսումն ու հնարավոր բացասական սցենարի դեպքում կոնկրետ առաջարկություններ մշակումը:
Բորդյուժան ասել է, որ ՀԱՊԿ Քարտուղարությունը մշակել է Աֆղանստանում դեպքերի հնարավոր զարգացման վերաբերյալ փաստաթղթի նախնական տարբերակը, որը կքննարկվի Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 22-ին՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհրդակցության ժամանակ և հավելել, որ անհրաժեշտ է գնահատել Աֆղանստանում դիվերսիոն-ահաբեկչական գործունեության ներուժը և դրա տարածման հավանականությունը ՀԱՊԿ անդամ-պետությունների շրջանում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր խոսքում անդրադարձել է նաև Աֆղանստանի բանակում և ոստիկանությունում ստեղծված բավականին բարդ իրադրությանը և ընդգծել, որ վստահությունը Աֆղանստանի ուժային կառույցների և Անվտանգության աջակցման միջազգային ուժերի միջև գնալով նվազում է. Բորդյուժայի խոսքով՝ այդ մասին է վկայում Անվտանգության աջակցման միջազգային ուժերի զինծառայողների դեմ աֆղան զինվորականների և ոստիկանների կողմից իրականացվող ահաբեկչական գործողությունների քանակի աճը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անհանգստացած է նաև Աֆղանստանի հյուսիսային շրջաններում իրադրության սրմամբ, քանի որ այդ տարածքները սահմանակից են ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև ՀԱՊԿ անդամ պետությունների օդային ու ցամաքային տարածքով Աֆղանստանում Անվտանգության աջակցման միջազգային ուժերի համար բեռների փոխադրման հարցը:

Աղբյուրներ՝ http://www.avesta.tj/security/15049-v-moskve-prohodit-zasedanie-rabochey-gruppy-odkb-po-afganistanu.html
http://www.interfax.by/news/world/119955
http://regnum.ru/news/russia/1590374.html#ixzz2BoKYKz8z
http://news.mail.ru/inworld/uzbekistan/politics/10893145/

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *