Փետրվարի 2-ին Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Զեքաի Աքսաքալըն այցելել է Սիրիայի հյուսիսային հատված՝ Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում Թուրքիային զինուժի գործողություններին հետևելու համար: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:
Զեքաի Աքսսաքալըն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Թուրքիայի զինուժի գործողություններին հետևել է Ալ-Բաբ բնակավայրի թաղամասերից մեկի` ժամանակավորապես Թուրքիայի ԶՈւ շտաբի վերացված տներից մեկից:
Նույն օրը, թուրքական պետական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի օդուժը Սիրիայի հյուսիսում հարվածել է ԻՊ դիրքերին, ոչնչացրել է ԻՊ 244 թիրախ, «շարքից հանել է» ԻՊ 51 զինյալի:
Միևնույն ժամանակ նշենք, որ Սիրիայի արտգործնախարարությունը 2 նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Նամակներում սիրիական կողմը Թուրքիային մեղադրում է Սիրիայի ժողովրդի վրա հարձակվելու, Սիրիայի տարածքային ամբողջականությունը խախտելու, Սիրիայի հյուսիսում մի քանի տարածք գրավելու համար: Այս մասին հայտնում է սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը: Նախարարությունը պահանջել է ՄԱԿ ԱԽ-ից կատարել իր պարտականությունները և վերջ տալ Սիրիայի ժողովրդի նկատմամբ թուրքական կողմի բռնություններին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ներխուժելով Սիրիայի ցամաքային տարածք՝ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում «Իսլամական պետության», ինչպես նաև քրդական ուժերի դեմ:
Բուն գործողությունները ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:
Արդեն մի քանի ամիս է, ինչ Թուրքիայի զինուժը փորձում է գրավել Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայրը, որը կարևոր ռազմավարական դիրք ունի Սիրիայի հյուսիսում: Թուրքիայի համար այս բնակավայրի գրավումը հատկապես կարևոր է, քանի որ Ալ-Բաբը փակում է ճանապարահը Սիրիայի հյուսիսում քրդական 2 ինքնավար շրջանների՝ Քոբանիի և Աֆրինի միջև ճանապարհը:
Pingback: Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Սիրիայի սահմանի մոտ տեղակայված ստորաբաժանումներ | Ռազմ.info