Վիգեն Սարգսյանն այցելել է Իրանի բանակի թիկունքային ապահովումն իրականացնող ընկերություն

Փետրվարի 2-ին՝ Իրան այցի վերջին օրը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Իրանի բանակի թիկունքային ապահովմամբ զբաղվող «Էթկա» ընկերությունում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Իրանական ընկերությունը կենտրոնական դիրք է զբաղեցնում վերջին 2 տարիներին պաշտպանական ոլորտում հայ-իրանական փոխայցելությունների օրակարգում:

Մասնավորապես 2016 թվականի հունիսին Իրան կատարած այցի ընթացքում այս ընկերությունում է եղել նաև ՀՀ ՊՆ տեղակալ – նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետը (այն ժամանակ՝ Մովսես Հակոբյանը):

Իսկ մեկ տարի առաջ՝ 2016-ի փետրվարին, Հայաստան է այցելել իրանական ընկերության պատվիրակությունը, որին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարը (այն ժամանակ՝ Սեյրան Օհանյանը): Հանդիպման ժամանակ քննարկվել են սննդի և տեքստիլ արդյունաբերության, կառուցապատման և այլ ոլորտներում մասնագիտացած իրանական ընկերության և ՀՀ ՊՆ համագործակցության հնարավորությունները:

Սեյրան Օհանյանն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության «ԷԹՔԱ» կազմակերպության պատվիրակությանը:

Իրանի բանակի թիկունքային ապահովմամբ զբաղվող «Էթքա» կազմակերպության պատվիրակության ընդունելությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում (արխիվ, 2016 փետրվար)

Մինչ այդ էլ՝ 2015 թվականի մայիսին, Իրան այցի ընթացքում «Էթկա» ընկերություն էր այցելել նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Իրանում հանդիպումների ընթացքում քննարկվել էին թիկունքային ապահովման, մասնավորապես` մատակարարումների ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր:

Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այս այցին, ապա այցի վերջին օրը նախարարը հանդիպել է նաև Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթիի հետ։ Վելայաթին նշել է, որ Իրանն ու Հայաստանն արդեն արդյունավետ փոխգործակցություն են ծավալում տնտեսության մի շարք ճյուղերում, և հույս է հայտնել, որ ՀՀ պաշտպանության նախարարի այցը Իրան կխթանի համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ, մասնավորապես՝ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Վիգեն Սարգսյանն ու Ալի Ակբար Վելայաթին համակարծիք են եղել, որ լարվածության նոր օջախների ձևավորումը լրջորեն վնասելու է տարածաշրջանային անվտանգությունը, ուստի անհրաժեշտ է համադրել ջանքերը՝ ահաբեկչության և ծայրահեղականության տարածումը կանխելու նպատակով։

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթիի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթիի հետ

Անդրադարձ է կատարվել նաև արցախյան հիմնախնդրին։ Զրուցակիցներն ընդգծել են, որ խնդիրը չունի ռազմական լուծում և կարգավորման կարելի է հասնել բացառապես քաղաքական ճանապարհով։

Փետրվարի 2-ի երեկոյան հայկական պատվիրակությունը վերադարձել է Երևան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ իր այցի երկու օրերին ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Իրանի պաշտպանության նախարարի հետ, այցելել է պաշտպանության ոլորտի նախագծեր իրականացնող իրանական ընկերություններ, ինչպես նաև հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի, ԱԱԽ քարտուղարի և խորհրդարանի խոսնակի հետ:

Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարների և փոխնախարարների նախորդ այցերի մասին կարող եք կարդալ այստեղ:

One response to “Վիգեն Սարգսյանն այցելել է Իրանի բանակի թիկունքային ապահովումն իրականացնող ընկերություն

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 29 հունվար – 4 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *