ԱՄՆ-ն փորձում է պատասխան քայլեր ձեռնարկել Իրանի բալիստիկ հրթիռների փորձարկումների դեմ

ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ Ներկայացուցիչների պալատի քննարկման են ներկայացրել Իրանի նկատմամբ նոր սանկցիաներ կիրառելու օրինագիծը։ Այս մասին փետրվարի 2-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Օրինագիծը մշակողները հայտնում են, որ սահմանափակումները նպատակ ունեն Իրանին դրդել «ահաբեկիչներին օգնելու, մարդու իրավունքները խախտելու և բալիստիկ հրթիռներ փորձարկելու» համար պատասխանատվություն կրել։

Օրենսդիրները առաջարկում են պատժամիջոցներ կիրառել բոլոր նրանց դեմ, ովքեր առնչություն ունեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ։

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ.

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում, մարտ 2016թ.

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայքլ Ֆլինը դատապարտել էր Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումը։ Փոխանցում է FoxNews լրատվակայքը։

«Մենք պաշտոնապես զգուշացնում ենք Իրանին…Իրանը շարունակում է սպառնալ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին։ԱՄՆ-ն շարունակում է դատապարտել այսպիսի գործողությունները, որոնք վտանգում են Մերձավոր Արևելքի երկրների անվտանգությունը, կայունությունը, զարգացումը», -հայտարարել էր Ֆլինը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Կոնգրես էր մտցվել  «Իրանի նկատմամբ զինված ուժեր կիրառելու մասին» բանաձև։ Ըստ որի՝  ԱՄՆ նախագահը  Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու համար կարող է ռազմական ուժ կիրառել։

Անդրադառնալով այս բանաձևին՝ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հաբիբոլահ Սայարին հայտարարել է, որ Իրանը ոչ մեկի դիրքորոշմանն ուշադրություն չի դարձնելու։

«Երկրի պաշտպանունակությունը այսօր բարձր մակարդակի վրա է, և մենք կարող ենք կանգնել ցանկացած սպառնալիքի առաջ»,-ասել է Սայարին։

Այս զարգացումները քննարկելու համար փետրվարի 1-ին նիստ է գումարել Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և  ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովը։

Հանձնաժողովի խոսնակ Սեյիդ Հոսեյն Նաղվի Հոսեյնին հայտարարել է, որ երկրի պաշտպանական մակարդակի բարձրացումը ոչ մի երկրի հետ կապ չունի և ոչ ոք չի կարող միջամտել  ու քննարկել Իրանի պաշտպանական խնդիրները։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Իրանը Թեհրանից 225 կմ հեռավորության վրա միջին հեռահարության բալիստիկ հրթիռ էր փորձարկել, որի առնչությամբ հունվարի 31-ին  ՄԱԿ ԱԽ-ն արտահերթ քննարկում անցկացրեց։ Քննարկմանը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարումը  ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևի խախտում էր համարել և հայտարարել, որ ԱՄՆ-ն համապատասխան ձևով կարձագանքի։

Ըստ Իրանի՝  երկրի հրթիռային ծրագիրը բացառապես պաշտպանական դոկտրինայի շրջանակներում է և չի հակասում  ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևին, քանի որ հրթիռները միջուկային մարտագլխիկներ չեն կրելու։

Հիշեցնենք, որ 2017-ի հունվարին Իրանի խորհրդարանը ընդունեց  օրինագիծ, որով կառավարությունը պարտավորվում է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել  երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։ Օրինագծով, ի թիվս մի շարք այլ միջոցառումների, նախատեսվում է ավելացնել հրթիռների արտադրությունը։

Իսկ մինչ այդ՝ 2016 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ԱՄՆ սենատի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու մասին որոշման ընդունումից շուրջ մեկ շաբաթ անց, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիրալի Հաջիզադեն հայտարարեց, որ Իրանը զարգացնում է բալիստիկ հրթիռների արտադրությունը։

 

One response to “ԱՄՆ-ն փորձում է պատասխան քայլեր ձեռնարկել Իրանի բալիստիկ հրթիռների փորձարկումների դեմ

  1. Pingback: Իրանը միջուկային մարտագլխիկ կրելու ունակ թևավոր հրթիռ է փորձարկել. Die Welt | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *