Իրանում իր պաշտոնական այցի ընթացքում փետրվարի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ընթացքում կարևորվել է անվտանգության ոլորտում երկու պետությունների համագործակցության ընդլայնումը: Քննարկվել են հայ-իրանական փոխգործակցության ամրապնդման, երկու ժողովուրդների բարեկամական կապերի խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների հետ կապված հարցեր:
Բարձր գնահատելով երկու պետությունների համագործակցությունը տարբեր բնագավառներում և ընդգծելով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, կողմերը շեշտել են նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը՝ որպես տարածաշրջանի պետությունների կայուն զարգացման անհրաժեշտ նախապայման
Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Արցախի շփման գծում տիրող իրավիճակը և հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը: Ընդգծելով խաղաղ, բանակցային ճանապարհով խնդրի կարգավորման անհրաժեշտությունը, կողմերը վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելու պատրաստակամությունը:
ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման, տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման խնդիրների հետ կապված հարցեր:
Կողմերն անդրադարձել են հայ-իրանական համագործակցության առաջնահերթություններին, ընդգծվել է երկկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
ՀՀ ՊՆ կայքում հրապարակված լուսանկարներից երևում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ: