Սերբիան և Բելառուսը հունվարի 26-ին ստորագրել են պայմանագիր՝ Սերբիային 8 միավոր ՄիԳ-29 կործանիչ և 2 միավոր Բուկ-Մ1 զենիթահրթիռային համալիրներ անհատույց տրամադելու մասին։ Սերբիան միայն վճարելու է բելառուսական ձեռնարկություններում տեխնիկայի արդիականցման և վերանորգման ծախսերը։
Այս մասին հայտնում է բրիտանական «Janes» ռազմական հանդեսը՝ հղում անելով Սերբիայի պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչին։
Նախնական գնահատումներով՝ կործանիչները և ՀՕՊ համակարգերը Սերբիայի ԶՈւ-ն կհամալրեն 2018-ին։ ՄիԳ-29 կործանիչները ենթադրաբար արդիականացվելու են Բարանովիչ քաղաքի 558 ավիավերանորոգման գործարանում։
ՀՕՊ համալիրները արդիականացվելու են մինչև բելառուսական Բուկ-ՄԲ տարբերակը։ Նմանատիպ սպառազինություն առկա է նաև Ադրբեջանի ԶՈւ-ում։ Նախատեսվում է համալիրի դետալների փոխարինում շուրջ 85 տոկոսով։
Սերբիայի պաշտպանության նախարարը հայտնել է նաև, որ մայիսին Բելառուսի և Սերբիայի միջև կստեղծվի ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողով, որի հիմնական նպատակներից է Սերբիային մասնավորապես Ս-300Վ համակարգերի փոխանցումը քննարկելու հարցը։
Մինչ այս՝ 2016-ի դեկտեմբերին, հայտնի էր դարձել նաև, որ Ռուսաստանը նույնպես մտադիր է անհատույց հիմունքներով սպառազինություն փոխանցել Սերբիային: Ռուսաստան փոխանցելու է 6 միավոր ՄիԳ-29 կործանիչ, որոնց արդիականացման համար Սերբիան կծախսի 180-230 մլն եվրո (190-240 մլն դոլար):
Դրանից բացի, Սերբիան Ռուսաստանից կստանա նաև 30 միավոր Տ-72 տանկ, 30 միավոր ԲՌԴՄ-2 զրահապատ մեքենա և 14,5 մմ տրամաչափի հրաձգային զենք:
Նշենք նաև, որ Բելառուսի սպառազինությունում առկա են Ս-300ՊՍ ԶՀՀ-ներ, որոնք Ռուսաստանը նվիրել է միացյալ ՀՕՊ համակարգի շրջանակներում։ Այդ համակարգերը հիմնովին վերանորոգում են անցել ռուսական ձեռնարկություններում։ Նմանատիպ պայմաններով համակարգեր է ստացել նաև Ղազախստանը։
Հայաստանը նույնպես Ռուսաստանի հետ ստորագրել է միացյալ ՀՕՊ համակարգի պայմանագիր, սակայն 2016-ի հունիսին ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը հայտարարել է, որ Ս-300 համակարգերի անհատույց փոխանցում Հայաստանին չի նախատեսվում։
Pingback: Բելառուսի նախագահը Ռուսաստանին առաջարկել է իրենց տրամադրել 20 ինքնաթիռ՝ ռազմաբազա տեղակայելու փոխարեն | Ռազմ.info