Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանագիր ստորագրելու համաձայնություն է ձեռք բերվել

Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը, այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:Խորհրդի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Արթուր Բաղդասարյանը միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին է ներկայացրել 2012 թվականի հոկտեմբերի 15-ին Մոսկվայում իր և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հանդիպման և «ՀՀ գործունեությունը ՀԱՊԿ շրջանակներում» խորագրով կլոր սեղանի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները:

Իր խոսքում ԱԱԽ Քարտուղարը մասնավորապես ասել է, որ ՌԴ-ում ստորագրված փաստաթղթի համաձայն Հայաստանում կստեղծվի հայ-ռուսական հումանիտար կենտրոն:

«Սա խոշորագույն ենթակառուցվածք է, որը հնարավորություն կտա Հայաստան ներկրել ոչ միայն նորագույն սարքավորումներ և տեխնիկա, այլև ունենալ հզոր ենթակառուցվածք, որը մենք կարող ենք օգտագործել մեր երկրում արտակարգ իրավիճակների ժամանակ»,- ասել է Արթուր Բաղդասարյանն ու հիշեցրել, որ իր այցի օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր Հայաստանում «Ռոսգրանիցա» պետական գործակալության Հայաստանի ներկայացուցչություն բացելու և ֆինանսավորելու մասին:

«Հայաստանը միակ երկիրն է, որտեղ ՌԴ-ն ունի սահմանապահ ստորաբաժանում: Ռուսաստանի սահմանապահներն այսօր պաշտպանում են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան պետական սահմանները: Այդ սահմանները լուրջ արդիականացման կարիք ունեն: Այս պայմանագիրը և ՌԴ նախագահի հրամանագիրը հնարավորություն կտան այս ոլորտում լուրջ, դրական զարգացումներ ունենալ սահմանների արդիականացման, մեր երկրի անվտանգության ամրապնդման իմաստով»,- ասել է անվտանգության խորհրդի քարտուղարը:

Հայաստանում կստեղծվի նաև Ռուսաստանի պետական ռեզերվների գործակալություն, այսինքն՝ Հայաստանի և Ռուսաստանի համատեղ պահուստների տարածաշրջանային ենթակառուցվածք, ինչը կարևոր է Հայաստանի պետական պահուստների համակարգի զարգացման տեսանկյունից:

ԱԱԽ քարտուղարը հայտնել է նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական նոր համագործակցության պայմանագիր ստորագրելու համաձայնություն է ձեռք բերվել: Նա նշել է, որ վերջին պայմանագրի ստորագրումից անցել է շուրջ 20 տարի, և այդ պայմանագիրը թարմացման կարիք ունի: Այն հնարավորություն կտա երկու երկրների ձեռնարկությունների միջև համագործակցությունը զարգացնել ուղիղ ճանապարհով, առանց բյուրոկրատական ընթացակարգերի:

Ըստ Արթուր Բաղդասարյանի՝ կրթական, վերապատրաստման, մասնագիտական կարողությունների բարձրացման աշխատանքների իրականացման նպատակով ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանում կստեղծվի Ակադեմիա, որը հնարավորություն կտա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԱԾ, ԱԻՆ, Ոստիկանության, պաշտպանության ոլորտի աշխատակիցներին անցնել հատուկ վերապատրաստում ՀԱՊԿ-ի ռեսուրսների ներգրավմամբ:

Անվտանգության խորհրդի քարտուղարն առաջարկել է հանձնաժողովի ձեռք բերված համաձայնությունների հետ կապված իրենց գերատեսչությունների մասով քննարկել և ներկայացնել ամփոփ առաջարկություններ ՀԱՊԿ քարտուղարություն ներկայացնելու համար:

Նիստի ընթացքում ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների կողմից ՀԱՊԿ շրջանակներում 2012թ. իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *