ԱՄՆ Կոնգրես է մտցվել Իրանի նկատմամբ զինուժ կիրառելու բանաձև

Ըստ «Իրանի նկատմամբ զինված ուժեր կիրառելու մասին» բանաձևի՝  ԱՄՆ նախագահը  Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու համար կարող է ռազմական ուժ կիրառել։ Բանաձևն առաջարկել է Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Էլսի Հասթինգսը։ Բանաձևը դեռ քննարկման չի դրվել: 

Այս մասին հայտնի է դարձել Կոնգրեսի օրենսդրական ակտերի տվյալների բազայից։ Հունվարի 31-ին փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Սակայն ըստ լրատվականի քիչ հավանական է, որ բանաձևը կընդունվի Կոնգրեսի 2 պալատների կողմից։ Բացի այդ Թրամփի կառավարությունը դեռ ոչինչ չի հայտնել Իրանի նկատմամբ զինուժ կիրառելու հնարավոր մտադրության մասին։

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ.

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում, մարտ 2016թ.

Անդրադառնալով այս բանաձևին՝ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հաբիբոլահ Սայարին հայտարարել է, որ Իրանը ոչ մեկի դիրքորոշմանն ուշադրություն չի դարձնելու։

«Երկրի պաշտպանունակությունը այսօր բարձր մակարդակի վրա է, և մենք կարող ենք կանգնել ցանկացած սպառնալիքի առաջ»,-ասել է Սայարին։

Այս զարգացումները քննարկելու համար փետրվարի 1-ին նիստ է գումարել Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և  ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովը։

Հանձնաժողովի խոսնակ Սեյիդ Հոսեյն Նաղվի Հոսեյնին հայտարարել է, որ երկրի պաշտպանական մակարդակի բարձրացումը ոչ մի երկրի հետ կապ չունի և ոչ ոք չի կարող միջամտել  ու քննարկել Իրանի պաշտպանական խնդիրները։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Իրանը Թեհրանից 225 կմ հեռավորության վրա միջին հեռահարության բալիստիկ հրթիռ էր փորձարկել, որի առնչությամբ հունվարի 31-ին  ՄԱԿ ԱԽ-ն արտահերթ քննարկում անցկացրեց։ Քննարկմանը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարումը  ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևի խախտում էր համարել և հայտարարել, որ ԱՄՆ-ն համապատասխան ձևով կարձագանքի։ Հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևն ընդունվել է Իրանի և «վեցնյակի» միջև միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումից հետո: Համաձայն բանաձևի Իրանը պարտավոր է  հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ծրագրից:

2016-ին Իրանը բալիստիկ հրթիռների մի քանի փորձարկում է իրականացրել, մասնավորապես մարտին և մայիսին, հուլիսին։

Ըստ Իրանի՝  երկրի հրթիռային ծրագիրը բացառապես պաշտպանական դոկտրինայի շրջանակներում է և չի հակասում  ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևին, քանի որ հրթիռները միջուկային մարտագլխիկներ չեն կրելու։

Հիշեցնենք, որ 2017-ի հունվարին Իրանի խորհրդարանը ընդունեց  օրինագիծ, որով կառավարությունը պարտավորվում է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել  երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։ Օրինագծով, ի թիվս մի շարք այլ միջոցառումների, նախատեսվում է ավելացնել հրթիռների արտադրությունը։

Իսկ մինչ այդ՝ 2016 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ԱՄՆ սենատի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու մասին որոշման ընդունումից շուրջ մեկ շաբաթ անց, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիրալի Հաջիզադեն հայտարարեց, որ Իրանը զարգացնում է բալիստիկ հրթիռների արտադրությունը։

3 responses to “ԱՄՆ Կոնգրես է մտցվել Իրանի նկատմամբ զինուժ կիրառելու բանաձև

  1. Ապուշություն կլինի Իրանի նկատմամբ զինուժի կիրառումը ԱՄՆ-ի կողմից:ԱՄՆ-ը Իրանին կարող է հաղթել միայն միջուկային զենքի կիրառումով:Իրանը ոչ Սիրիա է և ոչ էլ Իրաք, կամ՝ Քուվեյթ:Գուցե դա ԱՄՆ-ի կոնգրեսում հրեաների ցանկությունն է,որին կուլ չեն գնա անգլոսաքսերը,որոնց նպատակները չեն համապատասխանում հրեաների ձգտումներին
    :

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 29 հունվար – 4 փետրվարի, 2017 | Ռազմ.info

  3. Pingback: Իրանը կրկին հրթիռ է փորձարկել. FoxNews | Ռազմ.info

Մեկնաբանել ՍարգիսՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *