Նոր սերնդի «Վորոնեժ-ԴՄ» տիպի ռադիոտեղորոշման կայանը, որը պետք է մարտական հերթապահության անցնի ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում 2013 թվականի առաջին քառորդում, նախապատրաստման վերջնական փուլում է. պետական փորձարկումները պետք է ավարտվեն մինչ ընթացիկ տարվա ավարտը: Փորձարկման արդյունքներով ՌԴ պետական հանձնաժողովը կորոշի, արդյոք կայանը պատրաստ է գործարկման:
Այդ մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ՝ Օդատիեզերական պաշտպանության գծով ներկայացուցիչ՝ գնդապետ Ալեքսեյ Զոլոտուխինը:
2013 թվականի առաջին քառորդում ՌՏԿ-ի շահագործման մասին սեպտեմբերի սկզբին հայտարարել էր ՌԴ Օդատիեզերական զորքերի նախկին հրամանատար, ներկայումս ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Օլեգ Օստոպենկոն:
«Վորոնեժ-ԴՄ» ՌՏԿ-ը հրթիռային հարձակման նախազգուշացման նոր սերնդի համակարգ է։ Այն մինչև 6000 կմ հեռավորության վրա ի վիճակի է վերահսկել մինչև 500 թիրախ, այդ թվում բալիստիկ և թևավոր հրթիռներ։
Արմավիրի ՌՏԿ-ն այդ թվում փոխարինելու է Գաբալայի ՌՏԿ-ին, որի շահագործման ժամկետն ավարտվում է 2012 թվականի դեկտեմբերի 24-ին: Ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Ադրբեջանը Ռուսաստանից նախկին 7 միլիոնի փոխարեն տարեկան 300 մլն դոլար է պահանջում կայանի վարձակալման համար:
Սեպտեմբերի վերջին, սակայն, պարզ դարձավ, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը 3 տարով երկարաձգել են պայմանագրի ժամկետը, իսկ ՌՏԿ-ի համար ՌԴ կողմից վճարվող վարձը մնացել է նույնը: Նախատեսվում է նոր պայմանագրի գործողության ժամկետում կարգավորել Ադրբեջանի հետ առկա բոլոր՝ այդ թվում և ֆինանսական տարաձայնությունները: Սակայն Արմավիրի կայանի շահագործումից հետո ադրբեջանական կայանը կկորցնի նախկին նշանակությունը, և, բացառված չէ, որ կողմերն այդպես էլ համաձայնության չգան։
Աղբյուրներ՝ http://ria.ru/arms/20121109/910199151.html
http://razm.info/8422