Հունվարի 30-ին Սիրիայի կառավարական բանակի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տարբեր զինյալ խմբավորումների շուրջ 1100 զինյալ վայր է դրել զենքը և հեռացել Սիրիայի մայարաքաղաք Դամասկոսից արևելք ընկած Բարադա գետի հովտից: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը
Համաձայն աղբյուրի՝ Բարադա գետի հովտից շուրջ 56 ավտոբուս Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգ է տեղափոխել զինյալներին և նրանց ընտանքիներին:
Սիրիայի կառավարական զորքերին հունվարի 28-ին հաջողվել է վերահսկողություն սահմանել ամբողջ Բարադա գետի հովտում, այդ թվում նաև Այն ալ-Ֆիջահ բնակավարի վրա: Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը: Բնակավայրը գտնվում է Դամասկոսից 12 կմ հեռավարության վրա և այդ բնակավայրում է գտնվում Դամասկոսի բնակչությանը խմելու ջրով ապահովող հիմնական պոմպակայանը:
Այն ալ-Ֆիջահ բնակավայրում վերահսկողություն հաստատելուց հետո Սիրիայի կառավարական զորքերը պայամանավորվածություն են եկել զինյալների հետ, որ նրանք դուրս են գալու այդ բնակավայրից և տեղափոխվելու են Իդլիբ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Դամասկոսի նահանգում զենք վայր է դրել տարբեր խմբավորումների շուրջ 2,600 զինյալ:
Նշենք, որ սկսած 2016-ի դեկտեմբերի վերջից Սիրիայի կառավարական ուժերը բախումների են գնում ընդդիմադիր, զինյալ խմբավորումների դեմ Բարադա գետի շրջանում:
Դեկտեմբերի 24-ին զինյալները պայթեցրել են Բարադա գետի հովտում գտնվող Այն ալ-Ֆիջահ բնակավայրի պոմպակայանը, ինչի հետևանքով Դամասկոսի շուրջ 5 միլիոն բնակչություն զրկվել է խմելու ջրից: Դամասկոսի նահանգապետը հայտնել է, որ բնակավայրի ազատագրումից հետո Սիրիայի իշխանությունները սկսել են պոմպակայանի և խողովակաշարերի վերանորոգման աշխատանքները, սակայն ամբողջությամբ դրանց վերանորոգումը կարող է տևել մի քանի ամիս:
Հունվարի 23-24-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի ճգնաժամի լուծմանն ուղղված բանակցություններում կարևոր հարցերից է եղել նաև Բարադա գետի ազատագրումը: Հունվարի 24-ին Աստանայում քննարկումների ժամանակ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին հայտարարել է, որ մինչև ահաբեկիչները ջուր չտրամադրեն Դամասկոսի բնակչությանը, Սիրիայի կառավարական բանակը շարունակելու է մարտերը նրանց դեմ:
Նշենք, որ հունվարի 23-24-ին Աստանայում չի հաջողվել առանձին քննարկման սեղանի շուրջ նստեցնել Սիրիայի կառավարության և ընդդիմադիր զինյալ խմբավորումների ներկայացուցիչներին: Մյուս կողմից, Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը համաձայնության են հասել Սիրիայում հրադադարի պահպանման եռակողմ մեխանիզմի մշակման շուրջ: Աստանայում բանակցությունների մասին առավել մանրամասն այստեղ:
Հիշեցնենք, որ Սիրիական կառավարությունը և զինյալ խմբավորումները համաձայնել են Թուրքիայի և Ռուսաստանի երաշխավորությամբ դեկտեմբերի լույս 30-ի կեսգիշերից հրադադար հաստատել: Հրադադարը չի տարածվում «Իսլամական պետություն», «ալ-Նուսրայի Ճակատ» ահաբեկչական խմբավորումների վրա, ինչպես նաև այն խմբավորումների, որոնք կխախտեն հրադադարի ռեժիմը։
Սիրիայում հակամարտությունը սկսվել է 2011-ի մարտից: Մինչև այժմ Սիրիայի կառավարական ուժերը պայքար են մղում մի քանի զինյալ խմբավորումների դեմ: