Թուրքիան և Մեծ Բրիտանիան համաձայնեցրել են թուրքական կործանիչների ստեղծման պայմանները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ Թուրքիայի այցելության ժամանակ երկու երկրները պայմանագիր են կնքել Թուրքիայի զինված ուժերի համար նոր սերնդի տեղական  «TF-X» (Turkish Fighter X) կործանիչ նախագծի մշակման համար: Այս մասին հայտնել է  թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

Թուրքիայի տեղական կործանիչի նախատիպ:

Թուրքիայի տեղական կործանիչի նախատիպ:

Թուրքական կողմից պայմանագիրը կնքել է թուրքական TAI  (Turkish Aerospace Industries) ավիաշինական ընկերությունը, իսկ բրիտանական կողմից՝ BAE Systems խոշոր ավիաշինական ընկերությունը: Երկու ընկերությունները համատեղ աշխատելու են թուրքական կործանիչի նախագծի մշակման համար: Պայմանագիրը արժենալու է մոտ 125 միլիոն ԱՄՆ դոլլար (483 միլիոն թուրքական լիրա):

Ավելի վաղ՝ հունվարի 28-ին, այս մասին իր Twitter-ի միկրոբլոգում հայտնել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:

Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկու ընկերությունները համագործակցելու են թուրքական տեղական ինքնաթիռի ստեղծման համար և, որ նախագիծը ամբողջությամբ երաշխավորվում է Թուրքիայի և Բրիտանիայի կառավարությունների կողմից:

Նշենք, որ նոր սերնդի սեփական կործանիչ ստեղծելու մասին Թուրքիան հայտարարել է դեռևս 2011-ին: Նախատեսվում է կործանիչի առաջին թռիչքն իրականացնել 2023-ին՝ Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակին, իսկ Թուրքիայի ԶՈւ շահագործմանը հանձնել՝ 2030-ից հետո։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը որոշել էր դիմել բրիտանական BAE Systems ընկերությանը՝ TF-X կոչվող կործանիչի վերջնական նախագծման համար դեռևս 2015-ի դեկտեմբերին։

Նշենք, որ 2013-ին Թուրքիան համագործակցության համաձայնագիր էր կնքել շվեդական «Սաաբ» (Saab) ընկերության հետ՝ TF-X կործանիչը համատեղ ստեղծելու համար։ Ինքնաթիռի վերջնական նախագծումն իրականացնելու համար շվեդական ընկերությունը ևս մասնակցել է հայտարարված մրցույթին, սակայն, դեռևս չհստակեցվող պատճառներով՝ նախգծման հետագա աշխատանքները պետք է իրականացվեն բրիտանական ընկերության հետ։

One response to “Թուրքիան և Մեծ Բրիտանիան համաձայնեցրել են թուրքական կործանիչների ստեղծման պայմանները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 29 հունվար – 4 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *