Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պատվիրակությունը հունվարի 30-ին պաշտոնական այցով մեկնել է Իրան: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Այցի ընթացքում նախատեսված են Վիգեն Սարգսյանի բանակցությունները ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հետ: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ պաշտպանական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերվող խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա նաև ԻԻՀ գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների բարձրաստիճան ղեկավարության հետ, կայցելի տարբեր գիտահետազոտական և արդյունաբերական ձեռնարկություններ:
Թեհրանում գտնվելու ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը կհանդիպի նաև Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ նախատեսվող այցի մասին ՀՀ պաշտպանության նախարարը հայտնել էր հունվարի 27-ի ասուլիսի ժամանակ:
Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարների նախորդ հանդիպումը եղել է 2016-ի ապրիլին Մոսկվայում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության առկա վիճակն ու հետագա զարգացման հեռանկարներին առնչվող հարցերը:
2015-2016 թվականներին մի քանի փոխայցելություններ են եղել նաև պաշտպանության փոխնախարարների գլխավորած պատվիրակությունների կազմերով:
2016-ի հոկտեմբերին Հայաստան էր այցելել Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են թիկունքային, կրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության շարունակման և շփումների ընդլայնմանը վերաբերող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիին (արխիվ, 2016 հոկտեմբեր)
2016-ի հունիսին Իրան է այցելել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի նախկին պետ Մովսես Հակոբյանի պատվիրակությունը, որին ընդունել է Իրանի պաշտպանության նախարարը: Այցի արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ: Կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը հանդիպել է նաև Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության ԷԹՔԱ կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Քարբալայի հետ, այցելել ընկերության գործարաններ, խանութների ցանց և ծանոթացել արտադրվող ապրանքի տեսականուն:
2015-ի մայիսին Թեհրան է այցելել ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Փոխնախարարը հանդիպել Իրանի պաշտպանության նախարարին, ինչպես նաև այցելել ԷԹՔԱ կազմակերպություն, քննարկել ռազմական կրթության բնագավառում հայ-իրանական երկկողմ համագործակցության ընդլայնման, թիկունքային ապահովման, մասնավորապես` մատակարարումների ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 29 հունվար – 4 փետրվարի, 2017 | Ռազմ.info