Հունվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՌԴ ՊՆ առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովին: Կողմերը քննարկել են են հայ-ռուսական երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերը, ինչպես նաև առավել հեռանկարային հարցեր: Այս մասին հունվարի 29-ին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել է ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ռուսաստանյան կողմից` ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՌԴ Հարավային զինվորական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ռոմանչուկը:
Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ հայկական կողմը պատրաստ է շարունակելու Սիրիայում մարդասիրական օգնության ցուցաբերման առաքելությունը և մոտակա օրերին պատրաստ կլինի առաքման հայկական օգնության հերթական խմբաքանակը:
ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ Գյումրի` ՌԴ 102-րդ ռազմակայան այցելության ընթացքում ստուգել է զորախմբի օբյեկտները, նյութատեխնիկական բազան, ենթակառույցները, սոցիալ-կենցաղային պայմանները:
ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին նշել է, որ հայ-ռուսական համագործակցությունը և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման կարևոր գործոններ են: