Հունվարի 28-ին Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պարգևատրել է ԶՈւ մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:
ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։
Նախագահի հրամանագրերով գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել ՀՀ ՊՆ ռազմավիացիոն համալսարանի պետ, գնդապետ Դանիել Բալայանին և ՀԱՊԿ-ում ՀՀ ԶՈւ ներկայացուցիչ, գնդապետ Առաքել Մարտիկյանին։
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության, անձնուրաց քաջության, անմնացորդ նվիրումի, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստվածության գործում ունեցած ավանդի համար շուրջ երկու հարյուր զինծառայողների և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով, շքանշաններով ու մեդալներով։
Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ:
ՀՀ նախագահը պարգևատրման հանդիսավոր արարողության մասնակիցների ներկայությամբ նաև իր շնորհավորական ուղերձն է հղել Հայաստանի ժողովրդին Բանակի օրվա առթիվ: