Ռուսաստանի ու Թուրքիայի օդուժը հերթական ավիահարվածն են հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին

Հունվարի 26-ին Ռուսաստանի և Թուրքիայի ռազմօդային ուժերի ինքնաթիռները հերթական համատեղ ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայրում մոտակայքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: 

Վերահսկողության գոտիները Սիրիայի Ալ Բաբ քաղաքի շուրջ (21 դեկտեմբերի 2016)

Համաձայն հաղորդագրության՝ Ռուսաստանի և Թուրքիայի օդուժի գործողությունները համաձայնեցված են Սիրիայի իշխանությունների հետ:

Համատեղ գործողություններին ռուսաստանյան կողմից ընդգրկվել են Սու-24Մ կործանիչ-ռմբակոծիչներ, Սու-35 կործանիչներ, իսկ Թուրքիայի օդուժից՝ F-16 կործանիչներ և F-4 կործանիչ-ռմբակոծիչներ:

Համատեղ գործողության պլանավորման ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի օդուժը փոխանակավել են հետախուզական ինֆորմացիայով: ՌԴ օդուժի ինքնաթիռները ոչնչացրել են ԻՊ զինյալների հենակետեր, կապի հանգույցներ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը և Թուրքիան առաջին համատեղ գործողությունը իրականացրել են դեռևս հունվարի 18-ին, այնուհետև ևս մեկ գործողություն են իրականցրել հունվարի 21-ին:

Հունվարի 12-ին Ռուսաստանի ՊՆ-ն և Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն ստորագրել էին Սիրիայի տարածքում երկու երկրների ռազմաօդային ուժերի գործողությունների ընթացքում պատահարների կանխարգելման, թռիչքների անվտանգության ապահովման մասին համաձայնագիր։

Նշենք, որ ռազմական գործողություններին զուգահեռ հունվարի 23-24-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում բանակցություններ են անցկացվել ուղղված սիրիական չգնաժամի հանգուցալուծմանը և Սիրիայում հրադադարի պահպանմանը:

Աստանայում չի հաջողվել առանձին քննարկման սեղանի շուրջ նստեցնել Սիրիայի կառավարության և ընդդիմադիր զինյալ խմբավորումների ներկայացուցիչներին:Մյուս կողմից, Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը համաձայնության են հասել Սիրիայում հրադադարի պահպանման եռակողմ մեխանիզմի մշակման շուրջ:

Սիրիական կառավարությունը և զինյալ խմբավորումները համաձայնել են Թուրքիայի և Ռուսաստանի երաշխավորությամբ դեկտեմբերի լույս 30-ի կեսգիշերից հրադադար հաստատել: Հրադադարը չի տարածվում «Իսլամական պետություն», «ալ-Նուսրայի Ճակատ» ահաբեկչական խմբավորումների վրա, ինչպես նաև այն խմբավորումների, որոնք կխախտեն հրադադարի ռեժիմը։

Սիրիայում հակամարտությունը սկսվել է 2011-ի մարտից: Մինչև այժմ Սիրիայի կառավարական ուժերը պայքար են մղում մի քանի զինյալ խմբավորումների դեմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *