Առաջիկա օրերին կձևավորվի զինծառայողների ապահովագրման հիմնադրամի խորհրդի կազմը, որը կհաստատի վճարների տրման կարգը, այնուհետև խորհրդի ձևավորվելուց հետո առաջին իսկ ամսվա մեջ կարվեն առաջին վճարները: Այս մասին պաշտպանության նախարարը հայտնեց ՀՀ ՊՆ վարչական համալիրում իր ասուլիսի ժամանակ։
Հիմնադրամը ձևավորվում և օրենքով տարածվում է հունվարի 1-ից ծագած դեպքերի վրա: Սակայն նախարարը նշեց, որ իրենք, այնուամենայնիվ, գտնելու են ձևը, և արդեն սկսել են դեկտեմբերի վերջին Տավուշում զոհված զինծառայողների ընտանիքներին նույնչափ, նույն ծավալի գումարով վճարելու ճանապարհները գտնել՝ մասնավոր նվիրատվությունների, լրացուցիչ հովանավորների հաշվին:
Նախարարը նաև նշեց, որ հիմնադրամի համար կայքէջ է պատրաստված. «Երբ խորհուրդը ստեղծվի և հետո հաստատի հետո այդ ամբողջը, առցանց երևալու է և´ մուտքը ամբողջությամբ, և´պարտադիր վճարները, և՜ կամավորների նվիրատվությունները, և´ ելքերը՝ կոնկրետ մարդկանց թվերով և այլն»:
Հիշեցնենք, որ հիմնադրամը գումարներ է վճարելու այն զինծառայողների ընտանիքներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Հիմնադրամի նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Pingback: ՀԿ-ները կարող են մասնակցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի խորհրդի ընտրությանը | Ռազմ.info