Հունվարի 25-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացված խորհրդակցության ընթացքում ամփոփվել են 2016թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը, ամփոփելով 2016 թ. ընթացքում ռազմական ոստիկանության կատարած աշխատանքի արդյունքները՝ մատնանշել է դրական ձեռքբերումներն ու առկա թերությունների վերացման ուղիները:
Առաջարկվել է նաև առկա ռեսուրսների վերադասավորման միջոցով իրականացնել կառուցվածքային փոփոխություններ, ինչը կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
Ռազմական ոստիկանության կայազորային բաժինների պետերը զեկուցել են 2016-ին զորամասերում հանցագործությունների և պատահարների նվազեցման և այլ ուղղություններով իրականացված աշխատանքների, կանխարգելիչ ու դաստիարակչական միջոցառումների արդյունքների մասին:
Ելույթով հանդես է եկել ՀՀ զինդատախազ Արտավազդ Հարությունյանը, ով բարձր է գնահատել ռազմական ոստիկանության և զինդատախազության համագործակցությունը: Անդրադառնալով մահվան ելքով դեպքերին, Արտավազդ Հարությունյանը նշել է, որ անհրաժեշտ է էլ ավելի ուժեղացնել համապատասխան կանխարգելիչ միջոցառումները:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն իր խոսքում ևս դրական է գնահատել 2016-ին ռազմական ոստիկանության կատարած աշխատանքները:
Խորհրդակցության ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը խրախուսել են ռազմական ոստիկանության մի խումբ աշխատակիցների: