Սիրիայում կռվող զինյալ խմբավորումների հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ներկայացուցիչ, գնդապետ Ալեքսանդր Բլինկովը հայտարարել է, որ Դամասկոսի նահանգում զենքը վայր է դրել տարբեր խմբավորումների շուրջ 2,600 զինյալ: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Զենքը վայր դրած զինյալները, սիրիական իշխանությունների համաձայնությամբ, իրենց ընտանիքների հետ միասին հեռանում են Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգ: Այն զինյալները, ովքեր պատրաստ են վերականգնել իրենց իրավական կարգավիճակը, կարող են համալրել Սիրիայի կառավարական բանակի շարքերը:
Ըստ աղբյուրի՝ միևնույն ժամանակ Դամասկոսին խմելու ջրով ապահովող Բարադա գետի հովտում բնակվող խաղաղ քաղաքացիները վերադառնում են իրենց բնակավայրերը:
Նշենք, որ սկսած 2016-ի դեկտեմբերի վերջից Սիրիայի կառավարական ուժերը բախումների են գնում զինյալ խմբավորումների դեմ Դամասկոսից արևելք ընկած Բարադա գետի շրջանում, որը գտնվում է ընդդիմադիր, զինյալ խմբավորումների ձեռքում:
Դեկտեմբերի 24-ին զինյալների կողմից Բարադա գետի հովտում գտնվող Այն ալ-Ֆիջահ բնակավայրի պոմպակայանը, ինչի հետևանքով Դամասկոսի շուրջ 5 միլիոն բնակչություն զրկվել է խմելու ջրից:
Հունվարի 23-24-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի ճգնաժամի լուծմանն ուղղված բանակցություններում կարևոր հարցերից է եղել նաև Բարադա գետի ազատագրումը: Հունվարի 24-ին Աստանայում քննարկումների ժամանակ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին հայտարարել է, որ մինչև ահաբեկիչները ջուր չտրամադրեն Դամասկոսի բնակչությանը, Սիրիայի կառավարական բանակը շարունակելու է մարտերը նրանց դեմ:
Ըստ Ջաֆարիի այդ գետը խմելու ջրով է ապահովվում Դամասկոսի շուրջ 7 միլիոն բնակչությանը և արդեն 40 օր է, ինչ նրանք զրկված են ջրից:
Նշենք, որ հունվարի 23-24-ին Աստանայում չի հաջողվել առանձին քննարկման սեղանի շուրջ նստեցնել Սիրիայի կառավարության և ընդդիմադիր զինյալ խմբավորումների ներկայացուցիչներին: Մյուս կողմից, Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը համաձայնության են հասել Սիրիայում հրադադարի պահպանման եռակողմ մեխանիզմի մշակման շուրջ: Աստանայում բանակցությունների մասին առավել մանրամասն այստեղ:
Հիշեցնենք, որ Սիրիական կառավարությունը և զինյալ խմբավորումները համաձայնել են Թուրքիայի և Ռուսաստանի երաշխավորությամբ դեկտեմբերի լույս 30-ի կեսգիշերից հրադադար հաստատել: Հրադադարը չի տարածվում «Իսլամական պետություն», «ալ-Նուսրայի Ճակատ» ահաբեկչական խմբավորումների վրա, ինչպես նաև այն խմբավորումների, որոնք կխախտեն հրադադարի ռեժիմը։
Սիրիայում հակամարտությունը սկսվել է 2011-ի մարտից: Մինչև այժմ Սիրիայի կառավարական ուժերը պայքար են մղում մի քանի զինյալ խմբավորումների դեմ:
Pingback: Դամասկոսի նահանգից զենք վայր է դրել ևս 1100 զինյալ | Ռազմ.info