Հեռացվել են Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարը և ՊՆ առնվազն մեկ վարչության պետ

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից ազատվել և թոշակի են ուղարկվել ՌԾՈւ հրամանատարի պաշտոնակատար, առաջին կարգի կապիտան (գնդապետ) Հիջրան Ռուսթամզադեն (Hicran Rüstəmzadə) և ՊՆ զենքի ու տեխնիկայի վարչության պետ, գնդապետ Էլխան Մեջիդովը (Elxan Məcidov): ՌԾՈւ հրամանատարի նոր պաշտոնակատար է նշանակվել առաջին կարգի կապիտան Հյումբեթով Զաուր Ջելալ օղլուն (Hümbətov Zaur Cəlal oğlu):

Այս մասին հունվարի 25-ին հայտնել է ադրբեջանական Report լրատվակայքը՝ փոխանցելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից ստացած տեղեկությունը:

Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարի նորանշանակ պաշտոնակատար, I կարգի կապիտան Զաուր Հյումբեթովը

Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարի նորանշանակ պաշտոնակատար, I կարգի կապիտան Զաուր Հյումբեթովը

Առավել վաղ ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, նույնպես ՊՆ-ի վրա հղումով, հայտնել էր, որ Ռուսթամզադեն հեռացվել է Ադրբեջանի զինուժում գնդապետների և նրանց հավասերացված կոչումով զինծառայողների համար նախատեսված առավելագույն տարիքը գերազանցելու պատճառով (սահմանված առավելագույն տարիքը 53-ն է, իսկ Ռուսթամզադեն 57 տարեկան էր):

Երկրորդ հեռացված պաշտոնյայի դեպքում նման բան չի ընդգծվում: Ավելացնենք, որ նա այդ պաշտոնում նշանակվել էր 2016 թ. ապրիլին:

Ավելացնենք, որ նշված պաշտոնյաների հեռացման մասին սոցցանցերում ադրբեջանական լրատվական խմբերից մեկը հայտնել էր դեռևս հունվարի 23-ին: Բացի նշվածներից, համաձայն այդ տեղեկության, ադրբեջանական զինուժից հեռացվել են նաև ՊՆ գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էլբրուս Օրուջովը և անվտանգության ու կոորդինացիայի վարչության պետի տեղակալը։

Վերջին երկուսի հնարավոր հեռացման փաստն առայժմ որևէ այլ աղբյուրով չի հաստատվել:

One response to “Հեռացվել են Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարը և ՊՆ առնվազն մեկ վարչության պետ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 22 – 28 հունվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *