[Լրացված] Հունվարի 25-ին մահացել է ՀՀ ՊՆ զինծառայող

Հունվարի 25-ին՝ ժամը  08:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Հակոբի Գալստյանը՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով:  Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն:

[Լրացում] Փետրվարի 7-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում իրականացվում են քննչական գործողություններ՝ ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, որի արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել` համածառայակցի կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, Շավարշ Գալստյանին վիրավորելու վերաբերյալ։

Ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու մասին ահազանգն ստացվել է 2017 թվականի հունվարի 25-ին. զինծառայողի դին հայտնաբերվել է մարտական դիրքի խրամաբջջում՝ դիտանցքը փակելու համար նախատեսված փայտյա կոճղի վրա ՝ նստած դիրքում, ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։

Դեպքի վայրի զննությամբ՝ զինծառայողի ոտքերի արանքում, խզակոթի մասով դեպի ներքև, իսկ փողաբերանով դեպի առաստաղն ուղղված վիճակում հայտնաբերվել է նրան ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը, իսկ հատակին՝ մեկ պարկուճ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

Փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նույն հերթափոխում որպես դիտորդ նշանակված մեկ այլ զինծառայող պարբերաբար շահագործել է Շավարշ Գալստյանին և իր թվացյալ առավելությունն ու գերակայությունն ընդգծելու համար «հանձնարարել» անձնական բնույթի ծառայություններ մատուցել իրեն, այն է՝ սուրճ, թեյ պատրաստել, լվանալ աղտոտված ափսեները, բացի այդ, հայհոյել և վիրավորել է նրա արժանապատվությունը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ժամկետային զինծառայողին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական, ինչպես նաև՝ մատնադրոշմային (հետքաբանական) և դատաձգաբանական համալիր փորձաքննություններ:

2 responses to “[Լրացված] Հունվարի 25-ին մահացել է ՀՀ ՊՆ զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 22 – 28 հունվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *