Ռուսաստանի օդուժը շարունակում է հարվածել Սիրիայում ԻՊ դիրքերին

Հունվարի 24-ին Ռուսաստանի ԶՈւ 6 Տու-22Մ3 ռազմավարական ռմբակոծիչները հերթական ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հարավ-արևելյան Դեր Զոր նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: 

Տու-22Մ3 ռազմավարական ռմբակոծիչները, օդ բարձրանալով Ռուսաստանի տարածքից, թռիչք են իրականացրել Իրանի և Իրաքի տարածքով, այնուհետև հարվածել են Սիրիայի Սալհիյա բնակավայրում ԻՊ զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրամասին, իսկ Դեր Զորում զենքի և զինամթերքի պահեստներին և զինտեխնիկայի կուտակման շրջաններին: Ըստ աղբյուրի՝ նախապես որոշված բոլոր թիրախները ոչնչացվել են:

Ռուսաստանյան ռմբակոծիչների պաշտպանությունը Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայից իրականացրել են ռազմաբազայում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ օդատիեզերական ուժերի Սու-30ՍՄ և Սու-35Ս կործանիչները: Բոլոր ինքնաթիռները մարտական առաջադրանքը կատարելուց հետո վերադարձել են տեղակայման վայրեր։

Ռուսաստանյան Տու-22Մ3 ինքնաթիռները իսլամականների դիրքերին նմանատիպ հարվածներ հասցրել են նաև հունվարի 23-ին  և 21-ին (1, 2):

Հիշեցնենք, որ նախկինում ևս Ռուսաստանը կիրառել է հեռահար ռազմավարական ռմբակոծիչներ՝ Սիրիայում զինյալների դիրքերին հարվածներ հասցնելու համար: Սկզբնական շրջանում դրանք Ռուսաստանից Իրանի և Իրաքի տարածքով թռչում էին Սիրիա, հարվածներ հասցնում ու վերադառնում:

Հետագայում՝ 2016-ի օգոստոսին, Իրանի ղեկավարության համաձայնությամբ Ռուսաստանի նույն ռմբակոծիչները մի քանի անգամ թռիչքներ իրականացրին Իրանի Համադանի ավիաբազայից:

Ավիաբազայի օգտագործման մասին առաջինը հայտարարեց ռուսաստանյան կողմը՝ ներկայացնելով, թե Ռուսաստանն ինքնաթիռներ է տեղակայել Իրանում։ Սա հարուցեց իրանական կողմի զայրույթը, Թեհրանը հայտարարեց, որ Ռուսաստանը խախտել է պայմանավորվածությունը՝ հրապարակելով Համադանի ավիաբազայից ՌԴ ԶՈւ ինքնաթիռների թռիչքների մասին տեղեկությունները։ Ավելին, իրանական կողմը հայտարարեց, որ Ռուսաստանը ոչ թե ինքնաթիռներ է տեղակայել Իրանի ավիաբազայում, այլ ուղղակի թռիչքներ է կատարել այնտեղից։

Արդյունքում իրանական ավիաբազայից Ռուսաստանի օդուժի թռիչքները դադարեցվեցին։ Սակայն անհայտ է՝ հետագայում գաղտնի թռիչքներ եղան, թե ոչ։

Նշենք, որ բացի Դեր Զորում հարվածներ հասցնելուց, Ռուսաստանը նաև հարվածում է ԻՊ դիրքերին Սիրիայի հյուսաիսային Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում: Բացի այդ Ռուսաստանի օդուժի ինքանաթիռները մի քանի համատեղ գործողություններ են իրականացրել նաև թուրքական օդուժի հետ:

Հունվարի 22-ին ռուսաստանյան կողմը հայտարարել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի 2 ինքնաթիռներ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի օդուժի 2 ինքնաթիռների հետ միասին ավիահարվածներ են հասցրել Ալ-Բաբի մոտակայքում ԻՊ դիրքերին՝ ոչնչացնելով զենքի և նավթի պահեստներ: Սակայն ԱՄՆ պաշտպանության նախարարությունից հերքել են այս տեղեկությունը:

Իրադրությունը Դեր Զոր քաղաքում՝ 22.01.2017թ. դրությամբ

Իրադրությունը Դեր Զոր քաղաքում՝ 22.01.2017թ. դրությամբ

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ինտենսիվ մարտեր են ընթանում Դեր Զորում Սիրիայի կառավարական ուժերի և ԻՊ զինյալների միջև: Հունվարի 16-ին ԻՊ զինյալները պաշարել են Դեր Զոր քաղաքի մոտ տեղակայված կառավարական ուժերի ավիաբազան։ Արդյունքում կտրվել է ավիաբազայի և կառավարական ուժերի ցամաքային կապը:

Ներկայում Դեր Զոր նահանգը և հարակից շրջանները գրեթե ամբողջությամբ «Իսլամական պետության» վերահսկողության տակ են: Այդ հատվածում կառավարական ուժերը վերահսկում են միայն նահանգի վարչական կենտրոնը և ավիաբազան:

Նշենք, որ Սիրիայում մարտերի շարունակման զուգահեռ հունվարի 23-24-ին Ղազախստանում տեղի են ունեցել են Սիրիայի ճգնաժամի հարցով պաշտոնական Դամասկոսի և Սիրիայում կռվող տարբեր զինյալ խմբավորումների միջև բանակցությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *