Նոյեմբերի 7-ին Թուրքիան հայտարարել է, որ բանակցում է ՆԱՏՕ-ի հետ, Թուրքիայիում «Փեթրիոտ» համակարգեր տեղադրելու վերաբերյալ: Եթե այս ծրագիրն իրականանա, Սիրիայի հյուսիսային տարածքում կարող է ստեղծվել «ոչ թռիչքային գոտի»:
Բրյուսելում լրագրողների հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն ասել է, որ հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը, պաշտպանության նոր միջոցների քննարկումը «բնական» է,- հաղորդում է Թուրքիայի պետական Անատոլիա լրատվական գործակալությունը: Դավութօղլուն չի ասել, թե արդյո՞ք Թուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ին պաշտոնական դիմում հղել:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ով այժմ Ինդոնեզիայում է, հայտնել է, որ Թուրքիան «առայժմ այդպիսի դիմում չի ներկայացրել»:
Արտգործնախարարի խոսնակ Սելջուկ Ունալը «Ֆրանս Պրես»-ին հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի հետ քննարկումներ են սկսվել «Թուրքիայի և ՆԱՏՕ այլ անդամ երկների պաշտպանության վերաբերյալ» վերաբերյալ: Ունալն ասել է, որ դեռ շուտ է «Փեթրիոտների» տեղակայումը կապել Սիրիայի հակամարտության հետ, ավելացնելով, որ հրթիռների պահանջը Թուրքիայի հակաօդային պաշտպանության համակարգը կատարելագործելու ծրագրերի մեջ է մտնում:
Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտոնյան տեղեկացրել է, որ թուրքական դիմումի մասին տեղեկություններ չունեն:
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորյա Նուլանդը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վաշինգտոնը Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հետ ամիսներ շարունակ անդրադարձել է Թուրքիայի պաշտպանական կարիքներին: «Որքան ես հասկանում եմ, առայսօր Թուրքիան պաշտոնական դիմում չի ներկայացրել, բայց ինչպես գիտեք, նախկինում մենք նրան տրամադրել ենք այդպիսի համակարգեր»,- ասել է Նուլանդը: Խոսնակն ավելացրել է նաև, որ հրթիռային համակարգեր տրամադրելու քննարկումը ոչ մի առնչություն չունի «ոչ թռիչքային գոտի» ստեղծելու հետ: «Դուք գիտեք, որ մենք բավականին ժամանակ է, ինչ քննում ենք այս խնդիրը»,- եզրակացրել է նա:
Ամերիկյան «Փեթրիոտ» համակարգը նախատեսված է թե ինքնաթիռների, թե հրթիռների դեմ պայքարի համար:
Թուրքական «Միլիեթ» թերթը հաղորդել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է թուրք-սիրիական սահմանի երկայնքով «Փեթրիոտ» համակարգեր տեղակայել և Սիրիայի տարածքում «ոչ թռիչքային գոտի» ստեղծել: