Հունվարի 18-ին Ռուսաստանը և Սիրիան ստորագրել են Սիրիայի միջերկրածովյան Տարտուս նավահանգստում ՌԴ նավատորմի նյութատեխնիկական ապահովման կետի ընդլայնման համաձայնագիր: Փաստաթուղթը ՌԴ ՌԾՈւ ռազմանավերին թույլ է Տալիս Տարտուսում տեղակայվել ևս 49 տարի: Համաձայնագրի տեքստը ռուսաստանյան կողմը հրապարակել է հունվարի 20-ին:
Համաձայնագրով նախատեսվում է, որ Ռուսաստանը Տարտուսի ռազմաբազայում կարող է միաժամանակ տեղակայել առավելագույնը 11 ռազմանավ, այդ թվում՝ միջուկային ուժային կայանքով աշխատող:
Բազան ամբողջությամբ գործարկելու է Ռուսաստանը՝ իր միջոցներով և ուժերով: Ռուսաստանյան կողմն իրավունք ունի Սիրիայում իր հաշվին պահել նյութատեխնիկական ապահովման բազայի անձնակազմ:
Տարտուսը Ռուսաստանին հանձվում է անհատույց կերպով: Բազայի տարածքում չեն գործելու Սիրիայի քաղաքացիական և վարչական օրենքները: Իսկ 49 տարվա պայմանավորվածության ավարտից հետո պայմանագրի ժամկետն ամեն անգամ երկարացվելու է ևս 25 տարով, եթե կողմերը առարկություններ չունենան:
Նշենք, որ Տարտուսում 1971 թվականից տեղակայված է եղել Խորհրդային Միության, ապա՝ Ռուսաստանի ռազմանավերի նյութատեխնիկական ապահովման կետ: Այնտեղ մինչ օրս իրականացվում էին նավերի ժամանակավոր սպասարկման աշխատանքներ: Ապահովման կետի տարածքը, ինչպես նաև տեխնիկական համալրվածությունը չէին բավարարում մշտական հիմունքներով ՌԴ ՌԾՈւ նավեր տեղակայելու պահանջներին:
Նյութատեխնիկական ապահովամն կետն ընդլայնելու ռուսաստանյան կողմի քայլերի մասին հայտնի էր դարձել դեռևս 2016 թ. աշնանը: Ինչպես արդեն նշել էինք, այս համաձայնագրով Տարտուսը կդառնա ՌԴ ռազմածովային ուժերի տրամադրության տակ գտնվող միակ արտասահմանյան լիարժեք ՌԾՈւ բազան: Ռուսաստանը հնարավորություն կստանա նավախումբ պահել Միջերկրական ծովում՝ առանց ստիպված լինելու այն պարբերաբար փոխադրել Սև ծովի տարածքով և Թուրքիայի նեղուցներով:
Ավելացնենք, որ Սիրիայում Ռուսաստանն ունի նաև ռազմաօդային ուժերի բազա՝ «Հմեյմիմ» օդանավակայանում: Այդտեղից ռուսաստանյան ռազմաօդային ուժերը գործողություններ են իրականացնում Սիրիայի տարբեր զինյալ խմբավորումների դեմ: Հմեյմիմում» ՌԴ ԶՈւ ավիախմբի՝ անորոշ ժամկետով և անհատույց տեղակայման համաձայնագիրը Ռուսաստանը վավերացրել է 2016-ի հոկտեմբերին:
One response to “Ռուսաստանն ընդլայնում է Սիրիայում իր ռազմածովային ենթակառուցվածքը. համաձայնագիր”