ՀՀ նախագահը հանդիպել է զորացրված զինծառայողների հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 20-ին, ՀՀ ՊՆ Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում հանդիպում է ունեցել վերջին ամիսներին զորացրված՝ ծառայության ընթացքում անձնվիրությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ, որոնց մեծ մասը մասնակցել է մարտական գործողություններին: Հանդիպմանը մասնակցել է նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը զորացրված զինծառայողների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը զորացրված զինծառայողների հետ

Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն հայտնել լավ ծառայության համար և խոսքն ուղղել ոչ միայն ներկաներին, այլև բոլոր զորացրված զինվորներին: Նշելով, որ անցած տարում մեր զինվորների ծառայությունը համընկավ այնպիսի մի ժամանակաշրջանի հետ, երբ ապրիլին նրանք ընդունեցին հակառակորդի հարվածը և պատվախնդրությամբ պաշտպանեցին հայրենիքը՝ նախագահն ընդգծել է, որ զորացրվելուց հետո էլ նրանք հայրենիքի զինվորն են, որտեղ և որ բնագավառում էլ շարունակեն իրենց գործունեությունը:

Առաջարկելով անկաշկանդ խոսել եղած խնդիրների և առհասարակ մեր երկրի հետագա զարգացման մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ ինքը ևս ունի հարցեր, որոնց շուրջ կցանկանար լսել հայրենիքի պաշտպանների կարծիքը:

Նախագահը զրույցի ընթացքում զինվորներից լսել է իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, այդ թվում, թե ի՞նչ կցանկանային զինծառայողները, որ փոխվեր զինված ուժերում, ի՞նչ խնդիրներ են նրանք տեսնում, ի՞նչ տվեց բանակում ծառայությունը հայրենիքի առջև իրենց պարտքը կատարած զինվորներին, ո՞վ է ամենահիշված հրամանատարն ու ինչո՞ւ, մինչև մարտական գործողությունները զինվորների ստացած գիտելիքները բավարա՞ր էին մարտական գործողություններին արդյունավետ մասնակցելու համար, մտադի՞ր է, արդյոք, հանդիպման մասնակիցներից որևէ մեկը ներգրավվել պայմանագրային ծառայության մեջ կամ դառնալ սպա, որքանո՞վ էին բանակի մասին նրանց պատկերացումները համապատասխանում մինչև զորակոչվելն ունեցած սպասելիքներին, զորացրվելուց հետո կապ պահպանո՞ւմ են ծառայակից ընկերների հետ:

«Իհարկե, մենք կարոտում և հպարտանում ենք բոլոր այն տղաներով, ովքեր ընկան քաջի մահով: Հպարտանում ենք նաև բոլոր այն տղաներով, ովքեր, քաջաբար կռվելով, ողջ մնացին և շարունակելու են իրենց նվիրական ծառայությունը հայրենիքին: Ես խնդրել եմ պաշտպանության նախարարին կազմակերպել այս հանդիպումը, որովհետև ծառայող զինվորների հետ միշտ էլ հաճելի է զրուցել, բայց ծառայության մեջ նրանք փոքր-ինչ կաշկանդված են լինում՝ պայմանավորված երկու հանգամանքով. կարծում եմ՝ հանգամանքներից մեկն այն է, որ նրանք չեն ցանկանում խոսել խնդիրների, դժվարությունների մասին, որպեսզի լացկանի, քրթմնջացողի դերում չհայտնվեն, որպեսզի տպավորություն չլինի, թե իրենք իրենց համար ինչ-որ լավ պայմաններ են ուզում հայրենիքին ծառայելու համար: Բայց, իհարկե կա նաև երկրորդ հանգամանքը՝ միշտ էլ զինվորը մտավախություն ունի, որ եթե խոսի խնդրի մասին, ապա վերադասը կարող է նեղանալ: Ես կարծում եմ, որ այսօր մենք պետք է ունենանք անկաշկանդ խոսակցություն, անկաշկանդ քննարկում, հասկանանք, տեսնենք, թե ո՞րն է մեր բանակի առավելությունը, որո՞նք են մեր զինվորական ծառայության դրական կողմերը և ինչի ենք հասել: Բայց խոսենք նաև այն խնդիրների մասին, որոնք պետք է ապագայում լուծվեն՝ ավելի մարտունակ դարձնելով մեր բանակը, որովհետև մենք պարտադրված ենք ունենալ մարտունակ բանակ: Բոլոր ժողովուրդներին էլ պետք են բանակներ, բայց կան դեպքեր, երբ այդ պետքը դառնում է անհրաժեշտություն՝ կենսական անհրաժեշտություն: Մեզ համար մարտունակ բանակը կենսական անհրաժեշտություն է», — ասել է նախագահ Սարգսյանը:

Զորացրված զինծառայողները նախագահից հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարով, 25-ամյա հայոց բանակի ամենամեծ ձեռքբերմամբ, պաշտպանության նորանշանակ նախարարի կողմից հռչակված «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացման գործում զորացրված զինվորի դերակատարմամբ, հասարակության մեջ սպայի կերպարի ճիշտ ներկայացման, նրա հեղինակության բարձրացման հնարավորություններով, հակառակորդի կողմից ծավալվող սպառազինությունների մրցավազքի պարագայում հայկական կողմի հնարավոր պատասխանով, մարտական հերթապահության մեջ ներգրավված զինծառայողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագրով և բանակաշինությանն ու պաշտպանության ոլորտին վերաբերող մի շարք այլ թեմաներով:

Հանդիպման արդյունքներով նախագահը նաև մի շարք հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը, որոնք վերաբերել են ծառայության անվտանգության առավել բարձրացմանը, զինվորների գաղափարական դաստիարակության և ազատ ժամանակի կազմակերպման ուղղություններով աշխատանքի զարգացմանն ու կատարելագործմանը, նոր սպառազինության ձեռքբերմանը զուգընթաց համապատասխան մասնագետների շարունակական ուսուցմանն ու պատրաստմանը, ուսումնական կենտրոններում՝ ըստ անհրաժեշտության նոր ծրագրերի ներդրմանը, մարտական հերթապահության մեջ ներգրավված զինծառայողների ուսման վարձերի ամբողջությամբ վճարման ծրագրի ներդրման ուղղությամբ ԿԳՆ-ի հետ աշխատանքի շարունակմանը, ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տեղափոխմանը Դիլիջան՝ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին ուսումնական կենտրոնի շենք:

One response to “ՀՀ նախագահը հանդիպել է զորացրված զինծառայողների հետ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 15 – 21 հունվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *