ԻՊ դեմ մարտերն ավարտելուց հետո ուժերը կկենտրոնացնենք քրդերի դեմ. Էրդողան

Հունվարի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Սիրիայում թուրքական զինուժի գործողությունների՝ հայտարարելով, որ «Իսլամական պետության» դեմ հարձակումն ավարտին հասցնելուց հետո ողջ ուժերը կնետեն տեղի քրդական կառույցների դեմ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանը մասնավորապես խոսել է Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատների» (YPG) և «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) մասին: Հենց նշված ուժերն են ներկայում վերահսկում Սիրիայի հյուսիսային՝ Թուրքիային սահմանկից շրջանների հիմնական մասը:

Էրդողանը մեղադրել է նաև քրդերին աջակցողներին՝ առանց հստակեցնելու: Սակայն, եթե հաշվի առնենք, որ ներկա դրությամբ Սիրիայի քրդական ուժերին հիմնականում աջակցում են Միացյալ Նահանգները, ապա կարելի է ենթադրել, որ Թուրքիայի ղեկավարը ԱՄՆ-ին է ի նկատի ունեցել:

Էրդողանը նշել է, որ ներկայում ևս թուրքական զինուժը քրդերի դեմ գործողություններ վարում է, սակայն դրանք այդքան մեծամասշտաբ չեն՝ հաշվի առնելով ԻՊ դեմ դժվարին ռազմական գործողությունները:

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները Սիրիայի քրդական կառույցները համարում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական թև ու «ահաբեկչական» կառույց: Սակայն ԱՄՆ-ն նրանց համարում է Սիրիայում ԻՊ դեմ ցամաքային գործողություններում դաշնակից ուժ: Ներկայում քրդական ուժերը Միացյալ Նահանգների աջակցությամբ շարժվում են դեպի ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքա:

Թուրքիայի և ԱՄՆ այս հիմնական հակասությունը, ինչպես նաև մի շարք այլ խնդիրներ հանգեցրել են նրան, որ Սիրիայում թուրքական կողմը համագործակցում է Ռուսաստանի հետ:

Ավելացնենք, որ 2016 թ. օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք: Թուրքիան հայտարարում է, որ իր հիմնական նպատակները սահմանը «Իսլամական պետության» ու քրդական կառույցների ուժերից «մաքրելն է»: Այժմ Թուրքիան գործողություններ է իրականացնում ԻՊ դեմ Հալեպից հյուսիս Ալ-Բաբ քաղաքը նվաճելու համար: Այն ամբողջովին վերահսկելու դեպքում Թուրքիան թույլ չի տա, որպեսզի քրդական 2 ինքնավար շրջանները միավորվեն:

Այսպիսով կարելի է պնդել, Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

2 responses to “ԻՊ դեմ մարտերն ավարտելուց հետո ուժերը կկենտրոնացնենք քրդերի դեմ. Էրդողան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 15 – 21 հունվարի, 2017 | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայի փոխվարչապետ․ Սիրիայում գրավված տարածքներն այդ երկրի իշխանությանը չեն հանձնվելու | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *