Իրանում նշանակվել է ՌԾՈւ հյուսիսային տարածաշրջանի նոր հրամանատար

Իրանի բանակի ռազմածովային ուժերի կասպյան՝ չորրորդ տարածաշրջանի նոր հրամանատար է նշանակվել առաջին կարգի կապիտան (գնդապետ) Ահմադ Ռեզա Բաղերին, ով այս պաշտոնում փոխարինել է դերծովակալ Աֆշին Ռեզայի Հեդադին։ Այս մասին հունվարի 18-ին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Ահմադ Ռեզա Բաղերին մինչ այս զբաղեցնում էր  չորրորդ տարածաշրջանի հրամանատարի տեղակալի պաշտոնը։

Իրանի բանակի ՌԾՈւ հյուսիսային տարածաշրջանի հրամանատար Ահմադ Ռեզա Բաղերին, (կենտրոնում)

Իրանի բանակի ՌԾՈւ հյուսիսային տարածաշրջանի հրամանատար Ահմադ Ռեզա Բաղերին, (կենտրոնում)

Հիշեցնենք , որ ավելի վաղ բանակում  և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ)  այլ նշանակումներ էին եղել։ Մասնավորապես ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարիի հրամանով հրամանատարի օպերատիվ գծով նոր տեղակալ էր նշանակվել գեներալ Ալի Զահեդին։

Բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քիոմարս Հեյդարիի առաջարկով և բանակի հրամանատար Աթաոլլահ Սալեհիի հաստատումով բանակի  ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ էր նշանակվել երկրորդ կարգի բրիգադային գեներալ Ամիր Նովզար Նեմաթին։

Նշենք նաև, որ  Իրանի բանակում և ԻՀՊԿ-ում մի շարք նոր նշանակումներ  եղան 2016 թվականին:

Հունիսին  Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հրամանով ԶՈւ ԳՇ պետ նշանակվեց գեներալ Մոհամադ Հոսեյն Բաղերին, ով այդ պաշտոնում փոխարինեց գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադիին: Այսպիսով, 1989 թվականից հետո առաջին անգամ այս պաշտոնին նշանակվեց նոր մարդ։

Մինչ այդ Բաղերին զբաղեցնում էր Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը: Բաղերիի փոխարեն հուլիսին ԶՈւ ԳՇ պետի տեղակալ նշանակվեց բրիգադային գեներալ Ամիր Սեյիդ Աբդոլռահիմ Մուսավին, որը 2008-ից բանակի հրամանատարի տեղակալն էր:

Նոյեմբերին Իրանի բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնում է նշանակվել բրիգադային գեներալ Ահմադ Ռեզա Փուրդասթանը, ով  մինչ այդ Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարն էր: Փուրդասթանի թափուր պաշտոնն է զբաղեցրել բրիգադային գեներալ Քիոմարս Հեյդարին, ով 2007 թվականից ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալն էր:

Դեկտեմբերին Բասիջ կազմավորման հրամանատարի պաշտոնը զբաղեցրեց բրիգադային գեներալ Ղոլամհոսեին Ղեիբփարվարը, որը մինչ այդ 11 տարի զբաղեցրել է Իրանի հարավային Ֆարս նահանգի ԻՀՊԿ հրամանատարի պաշտոնը, իսկ 2015-ից «Իմամ Հոսեին» ռազմաբազայի հրամանատարն էր:

Հեղինակավոր Al-Monitor կայքի վերլուծության համաձայն՝ մասնավորապես ԶՈւ ԳՇ պետի և Բասիջի ղեկավարների պաշտոններում նշանակվել են այնպիսի գեներալներ, որոնք թեև իրենց «գաղափարական արժանիքներով» զիջում են, բայց մարտական ու կազմակերպչական փորձով գերազանցում են նախորդներին։ Սրա նպատակն Իրանի համար ուժեղ պաշտպանական համակարգ և արդյունքում կանխատեսելի տեսանելի ապագա ունենալն է՝ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունների համատեքստում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *