ԱՄՆ օդային ուժերը Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թիրախներին՝ ի պատասխան Թուրքիայի զինուժին չաջակցելու վերաբերյալ թուրքական կողմի բողոքների: Այս մասին հունվարի 17-ին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
ԱՄՆ ԶՈւ գնդապետ, ԻՊ դեմ պայքարող ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիայի խոսնակ Ջոհն Դորիանը հայտնել է, որ ԱՄՆ օդուժը վերջին օրերին 4 հարված է հասցրել Ալ-Բաբում ԻՊ զինյալների դիրքերին, ինչը համապատասխանում է և՛ ԱՄՆ, և՛ Թուրքիայի շահերին: Ըստ նրա՝ ԻՊ զինյալների թիրախների հայտնաբերման գործում ԱՄՆ զինուժին աջակցել է թուրքական կողմը:
Միևնույն ժամանակ Դորիանը նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք ԱՄՆ-ն կաջակցի Սիրիայում թուրքական զինուժի ցամաքային գործողություններին:
Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերի 29-ին Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտնել է, որ երկար ժամանակ է՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի օդուժը աջակցություն ցույց չի տալիս Սիրիայում Թուրքիայի զինուժի «Եփրատի վահան» գործողությանը:
Սիրիական ճգնաժամի խորացմանը զուգահեռ սրվել են նաև Թուրքիայի և ԱՄՆ հարաբերությունները: Նրանց միջև հիմնական հակասությունն այն է, որ ԱՄՆ-ն աջակցություն է ցույց տալիս PYD-ին և Սիրիայի քրդերին դիտարկում է որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող լուրջ ուժ, ինչը անհանագստացնում է թուրքական կողմին:
Մասնավորապես 2017 թ․ հունվարին թուրքական մամուլում տվյալներ հայտնվեցին, որ Ռուսաստանը օգնում է թուրքական զինուժին ավիահարվածներ հասցնել ԻՊ դիրքերին Ալ-Բաբ քաղաքի մոտ։ Հունվարի 12-ին Ռուսաստանի ՊՆ և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պատվիրակությունները Մոսկվայում ստորագրել են Սիրիայի տարածքում երկու երկրների ռազմաօդային ուժերի գործողությունների համակարգման մասին համաձայնագիր։
Իսկ մոտ ժամանակներս Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները Ղազախստանում կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակը։ Ամենայն հավանականությամբ ռուս-թուրքական հարաբերությունների լավացումն էլ ԱՄՆ-ին ստիպում է դիմել նման քայլերի և որոշակիորեն աջակցել թուրքերին:
Հիշեցնենք, որ 2016 թ. օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:
Այժմ Թուրքիան մարտեր է մղում ԻՊ դեմ Հալեպից հյուսիս Ալ-Բաբ քաղաքը նվաճելու համար, որ Սիրիայի հյուսիսում ԻՊ վերահսկողության տակ գտնվող վերջին բնակավայրն է և այդ երկրի հյուսիսում կարևոր ռազմավարական դիրք ունի կոմունիկացիաներ վերահսկելու տեսանկյունից: Թուրքական կողմի համար Ալ-Բաբը կարևոր է, քանի որ փակում է ճանապարհը Սիրիայի հյուսիսում քրդական 2 ինքնավար շրջանների՝ Աֆրինի և Քոբանիի միջև ճանապարհը:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 15 – 21 հունվարի, 2017 | Ռազմ.info