Աֆղանստանում 16 խաղաղ բնակիչ սպանած ԱՄՆ զինվորականի դատավարությունը սկսվել է

ԱՄՆ Վաշինգթոն նահանգի Լուիս-ՄքՔորդ միացյալ ռազմաբազայում մեկնարկել է մարտի 11-ին Աֆղանստանի Բալանդի և Ալկոզայ գյուղերի խաղաղ բնակիչների վրա հարձակում գործած ամերիկացի ավագ սերժանտ Ռոբերտ Բեյլսի (Robert Bales) դատավարությունը:

39-ամյա Բեյլսը մեղադրվում է մարտի 11-ի գիշերը նշված գյուղերի վրա հարձակվելու, 16 մարդ սպանելու և 6-ի դեմ մահափորձ կատարելու համար:

Դատավարության ժամանակ պարզվել են հարձակման մանրամասները: Միջադեպից առաջ Բեյլսն իր զինակիցների հետ դիտել է ամերիկյան «Հրավառված Տղամարդը» (Man On Fire) ֆիլմը, վիսկի խմել և քննարկել իրենց ընկերներից մեկի վրա հարձակումը, որի հետևանքով նա կորցրել էր ոտքը:

Դատախազ Ջեյ Մորսին հայտարարել է, որ ֆիլմի դիտումից ժամեր անց Բեյլսը լքել է ռազմաբազան և հարձակվել գյուղերից մեկի վրա, ապա վերադարձել ու արթնացրել սերժանտ Ջեյսոն ՄքԼաֆլինին, պատմել արարքի մասին ու ասել, որ հարձակվելու է 2-րդ գյուղի վրա: ՄքԼաֆլինը քնաթաթախ վիճակում չի հավատացել Բեյլսին: Վաղ առավոտյան Բեյլսը ետ է վերադարձել և ձերբակալվել:

Հարձակումից հետո գյուղերում սկսված բողոքի ցույցերը ԱՄՆ-ին ստիպել են դադարեցնել ռազմական գործողություները և հետաքննիչները միայն մեկ ամիս հետո են կարողացել զննել հանցանքի վայրերը:

Դատավարության նիստը կարող է տևել մոտ 2 շաբաթ, որից հետո կորոշվի, գործը հանձնել ռազմական դատարանի՞ն, թե ոչ:

Բեյլսի փաստաբաները հայտարարություն չեն արել և ենթադրվում է, որ նա ցուցմունք չի տա: Թեև փաստաբանները չեն ուսումնասիրել ապացույցները, սակայն հայտնել են, որ Բեյլսը Իրաքի պատերազմում ուղեղի ցնցում է ստացել և տառապում է հետպատերազմական տրավմատիկ խանգարումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *