Հունվարի 11-ին և 12-ին Արցախի պաշտպանության բանակի հարավային ու հյուսիսային ուղղություններում գործող միավորումներում ամփոփվել են 2016 թվականի արդյունքները: Ամփոփիչ խորհրդակցություններին ներկա են եղել ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, շրջանային վարչակազմերի ղեկավարները, ենթակա զորամասերի հրամկազմը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:
Նշված միավորումներն ապրիլյան գոծողությունների, ինչպես նաև դրանց նախորդած և հաջորդ ժամանակահատվածների լարվածության շրջանում եղել են թշնամական հարձակման և պարբերաբար կրկնվող սադրանքների գլխավոր թիրախային ուղղություններում: Չնայած դրան, ինչպես նշվել է ըստ ուղղությունների կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներում, կարողացել են նաև իրականացնել միավորումների պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները:
ՊԲ հաղորդագրության համաձայն՝ միավորումներում բարելավել են մարտական դիրքերի ինժեներական կահավորվածության, կրակի վարման և դիտարկման համակարգերը, պայմաններ են ստեղծել մշտական տեղակայման վայրերում և առաջնագծում անձնակազմի կենցաղային կարիքները առավել բարձր մակարդակով հոգալու ուղղությամբ: Բացի դրանից անցկացվել են տարբեր բնույթի զորավարժություններ և ուսումնավարժական հավաք-պարապմունքներ:
Ամփոփիչ խորհրդակցությունների ավարտին խրախուսվել են առավել բարձր ցուցանիշներ արձանագրած զինծառայողներն ու ստորաբաժանումները: