Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել են «Փոքր Մհեր» կրթահամալիր, հանդիպել են կրթահամալիրի սաների, նրանց ծնողների և ուսուցչական կազմի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Նախարարները ներկայացրել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հետ «Փոքր Մհեր» կրթահամալիրի միավորման ծրագիրը և նշել, որ գործընթացը նախաձեռնվել է ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում:
Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը հավաստիացրել են, որ երկու կրթական հաստատությունների միավորման արդյունքում կրթական պրոցեսը միայն շահելու է, ինչը դրական է անդրադառնալու ուսումնառության արդյունավետության, հետևաբար նաև՝ սաների գիտելիքների վրա:
Ընդգծելով, որ կրթահամալիրի սաներն ազատ են հետագա ուսուցման վայրի ընտրության հարցում, նախարարները նաև վստահեցրել են, որ միավորման գործընթացի շնորհիվ ակնկալվող արդյունքները տեսանելի կլինեն արդեն մոտ ապագայում: