ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է Սիրիայի երկնքում անվտանգության կանոնների խախտման համար

Ամերիկյան կողմը ՌԴ ԶՈւ օդաչուներին մեղադրում է Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման երկկողմանի հուշագիրը խախտելու, մասնավորապես՝ Սիրիայի օդային տարածքում ԱՄՆ ՌԾՈւ ինքնաթիռներին մոտենալու և սահմանված անվտանգ հեռավորությունը չպահելու համար: Այս մասին հայտնում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը:

Ռուսաստանյան կողմն այս մեղադրանքին պաշտոնապես չի արձագանքել:

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչը Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչը Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում

Մինչ այս՝ 2015-ի հոկտեմբերին ՌԴ և ԱՄՆ պաշտպանության նախարարություները ստորագրել էին Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման և ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ հուշագիր: Այն նպատակ ունի կանխել երկու երկրների օդային ուժերի միջև պատահարները։

Ամերիկացի օդաչուները հայտնել են, որ ռուսաստանցի օդաչուները երբեք ինքնաթիռի ուղղությունը չեն փոխում, շատ հազվադեպ են կապի դուրս գալիս, և փոխարենը իրենք են  ստիպված լինում մի կողմ քաշվել:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի գնդապետ Դանիել Մենինգը լրատվամիջոցի հետ զրուցում ասել է, որ վիճակագրությամբ մարտական ինքնաթիռները ավելի հաճախ կործանվում են մեխանիկական անսարքությունների պատճառով, քան խոցվում են: Այնուամենանիվ, պատերազմական պայմաններում մարդկանց կողմից այն կընկալվի որպես ագրեսիա:

Հիշեցնենք, որ 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է կետային ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ դիրքերին:

Իսկ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան ձևավորվել է 2014-ին և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հիմնականում օդային գործողություններ է իրականացնում ինչպես Սիրիայի, այնպես էլ Իրաքի տարածքներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *