Մեկնարկել է ՀՀ ԶՈւ 2017 թ․ ձմեռային զորակոչը

Հունվարի 8-ին ՀՀ կենտրոնական հավաքակայանում մեկնարկել է 2017 թ. ձմեռային զորակոչը: Ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ էլ զորակոչիկների զինծառայության վայրն ընտրվել է վիճակահանությամբ, սակայն արդեն նորացված կարգով, համազգեստները բաժանվել են տեղում։ 

Զորակոչի ընթացքին հետևելու համար կենտրոնական հավաքակայան են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ Այս մասին հայտնում է հայկական «Արմենպրես» լրատվական գործակալությանը։

Նախարար Սարգսյանը նշել է, որ այսուհետ զորակոչիկների հանդերձավորումը կատարվելու  է կենտրոնական հավաքակայանում, ինչը «հնարավորություն  է տալու բոլորին միատեսակ և հարմարավետ վիճակում մեկնել զորամասեր»։

ԶՈւ ԳՇ պետն իր հերթին ավելացրել է, որ զորակոչիկները վիճակահանությամբ ընտրելու են նախ ուսումնական զորամասը, ապա՝ հիմնական։ «Այս քայլն արվում է, որպեսզի կարողանանք զորամասը համալրել ավելի պատրաստված նորակոչիկներով»,– նշել է Հակոբյանը։ Նա նաև հավելել է, որ «նոր հրամանով զորակոչիկները մարտական ծառայության կներգրավվեն միայն 6 ամսին ծառայելուց հետո»։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ 010-52-34-82 հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *