ՀԱՊԿ քարտուղարը սադրանք է անվանել ՀՀ սահմանին իրականացված դիվերսիայի փորձը

ՀԱՊԿ կայքը տարածել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ Չինարիի դիվերսիայի վերաբերյալ հայտարարությունը, որում նշում է, որ ՀԱՊԿ քարտուղարությունում տագնապով են ընդունել Հայաստանի Չինարի գյուղի մոտ եղած զինված բախման մասին տեղեկությունը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այդ գործողությունը դիտարկում ենք որպես սադրանք՝ հատկապես սույն թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծանր սպառազինության և զրահատեխնիկայի կիրառմամբ բավական ծանր միջադեպի ֆոնին»:

Razm.info-ն հարկ է համարում շեշտել, որ թեև հայտարարության մեջ Արցախը նշվում է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, բայց ՀԱՊԿ քարտուղարը դիվերսիան անվանում է սադրանք, առանց մատնանշելու, որ դրա մեղավորը հենց Ադրբեջանն է:

Բորյուժայի հայտարարության մեջ նաև ասվում է.

«Թվում էր՝ «երկու կողմերի», ինչպես նաև մի շարք պետությունների առաջնորդների գործադրած ջանքերը հաշվի առնելով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացն ավելի ակտիվ կընթանա:

Բայց հրադադարի պայմանավորվածությունների պարբերական խախտումների վերաբերյալ վերջին շրջանում տարածաշրջանից ստացվող տեղեկությունները և առավելևս զինծառայողների մահվան դեպքերի բերած դեկտեմբերի 29-ի հերթական միջադեպը հարուցում են լուրջ մտահոգություն»:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացրել ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի հարավ-արևելքում, ինչից հետո մարտ է սկսվել դիպուկահարների և նռնականետների օգտագործմամբ։

ՀՀ ՊՆ կայքը տեղեկացրել է, որ ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել է ՀՀ ԶՈւ 3 զինծառայող: Իսկ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի ուշ հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը հանդարտվել է, հակառակորդը կրել է «մինչև 7 զինծառայողի կորուստ»։

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինծառայողներից մեկի դիակը մնացել է մեր դիրքերում:

Իր հերթին իր զինծառայողների մեկի «անհետ կորելու» մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն. ըստ հակառակորդի ՊՆ հաղորդագրության՝ «անհետ կորել է» զինծառայող Գուրբանով Չինգիզ Սալման օղլուն (Qurbanov Çingiz Salman oğlu): Ամենայն հավանականությամբ՝ հենց այդ զինծառայողի դիակն է մնացել հայկական դիրքերում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *