Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է իր մեկ «անհետ կորած» զինծառայողի մասին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ այս պահին հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է, հակառակորդը կրել է «մինչև 7 զինծառայողի կորուստ»։

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինծառայողներից մեկի դիակը մնացել է մեր դիրքերում:

Իր հերթին իր զինծառայողների մեկի «անհետ կորելու» մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն. ըստ հակառակորդի ՊՆ հաղորդագրության՝ «անհետ կորել է» զինծառայող Գուրբանով Չինգիզ Սալման օղլուն (Qurbanov Çingiz Salman oğlu): Ամենայն հավանականությամբ՝ հենց այդ զինծառայողի դիակն է մնացել հայկական դիրքերում:

Սակայն չնայած իր զինծառայողի կորուստը խոստովանելուն՝ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է, թե իբր «հայկական կողմն է դիվերսիոն ներթափանցման փորձ արել»:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացրել ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի հարավ-արևելքում, ինչից հետո մարտ է սկսվել դիպուկահարների և նռնականետների օգտագործմամբ։

Ավելի ուշ ՀՀ ՊՆ կայքը տեղեկացրել է, որ ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ, ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *