Զորավարժության երեք օրերի ընթացքում Իրանը շուրջ 12 անգամ զգուշացրել է ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքերին և կործանիչներին չմոտենալ երկրի օդային սահմանին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Դեկտեմբերի 26-28-ը անցկացվող զորավարժությունը ընդգրկում էր հիմնականում հարավային Բուշեհր, Հորմոզգան, Խուզիսթան նահանգների օդային տարածքները (496 հազ. քառակուսի կմ տարածք):
Զորավարժության վերջին օրը կիրառվել է նաև տեղական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համակարգ։ Զորավարժությունը եզրափակվել է զորահանդեսով։
Զորավարժությանը ՀՕՊ ուժերից բացի ներգրավված էին նաև բանակի և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ու հրետանային ուժեր, «Բասիջը», ոստիկանական ստորաբաժանումներ, Ֆ-4 , Ֆ-5, Ֆ-7, Սու-24, «Միրաժ» կործանիչներ, Lockheed C-130 Hercules լիցքավորող ինքնաթիռներ, տեղական արտադրության «Թալաշ», «Մարսադ», «Յա Զահրա» ԶՀՀ-ներ։
Վարժանքներին փորձարկվել են նաև տեղական արտադրության ռադարային համակարգեր, ռադիոէլեկտրոնային հետախուզության կայաններ։
Իրանի ՀՕՊ նույնանուն նախորդ՝ «Վելայթեի երկնքի պաշտպաններ 6» զորավարժությունը անցկացվել է 2015թ. սեպտեմբերին: