Վրաստանի ռազմական ոլորտում 2016-ի կարևորագույն իրադարձությունները

Razm.info-ն առանձնացրել է 2016 թվականին Վրաստանի պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ նոր պետի նշանակումը, զորակոչի վերացումը և վերականգնումը, վրացական զրահամեքենաների վաճառքը Սաուդյան Արաբիային: Տարեվերջին Վրաստանի ՊՆ նոր ղեկավարը սկսեց արմատական փոփոխություններ իրականացնել նախարարությունում և զինված ուժերում: Անցկացվեցին ՆԱՏՕ-ի հետ համատեղ մի շարք զորավարժություններ:

Վրաստանի ԶՈւ ցուցադրական վարժանք • Վրացական «Դիդգորի» զրահամեքենան Սաուդյան Արաբիայում • Ամերիկյան Abrams տանկերը զորավարժության համար տեղափոխվել են Վրաստան • Վրաստանի նոր ՊՆ Լևան Իզորիան (աջից)

Վրաստանի ԶՈւ ցուցադրական վարժանք • Վրացական «Դիդգորի» զրահամեքենան Սաուդյան Արաբիայում • Ամերիկյան Abrams տանկերը զորավարժության համար տեղափոխվել են Վրաստան • Վրաստանի նոր ՊՆ Լևան Իզորիան (աջից)

 

Նոր նախարարի նշանակում. փոփոխություններ ՊՆ և ԶՈւ ԳՇ կառուցվածքում

Օգոստոսի 1-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին 2015-ից պաշտոնավարող Թինաթին Խիդաշելիի փոխարեն պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակեց Լևան Իզորիային:  Խիդաշելին նախարարի պաշտոնը լքել էր՝ հայտարարելով 2016 թ. հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: Իզորիան մինչև նոր պաշտոնը զբաղեցնելը եղել է Վրաստանի ներքին գործերի (ՆԳ) նախարարության ակադեմիայի ռեկտոր, ՆԳ նախարարի տեղակալ, իսկ 2015 թվականից՝ Վրաստանի պետանվտանգության ծառայության պետի տեղակալ:

Անցնելով պաշտոնի՝ Իզորիան առաջին հերթին նշանակեց նոր տեղակալներ՝ բոլորին ՊՆ բերելով ՆԳՆ տարբեր կառույցներից:

Պաշտպանության նախարարի պաշտոնում ՆԳՆ նախկին աշխատակիցի նշանակումը հասարակության կողմից քննադատաբար ընդունվեց: Դրա դեմ հատկապես հանդես եկավ Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլու գլխավորած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը: Իզորիայի նշանակումը քննադատեց նաև նախկին ՊՆ Թինաթին Խիդաշելին՝ նրան մեղադրելով «ռուսամետ հայացքների և ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու ցանկության բացակայության» համար:

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիա (աջից) և Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության հրամանատար, գնդապետ Շավլեգո Տաբաթաձե (ձախից):

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիա (աջից) և Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության հրամանատար, գնդապետ Շավլեգո Տաբաթաձե (ձախից):

Իզորիան իր հերթին այս քննադատությանը պատասխանեց Վրաստանի ԶՈւ և ՊՆ կառուցվածքում փոփոխությունների իրականացման ծրագրով, որով մասնավորապես նախատեսվում են փոփոխություններ բոլոր զորատեսակներում: Այդ թվում նախատեսվում է փոփոխել զինվորական կոչումների կարգը, կրճատել գնդապետների հաստիքները:

Ցամաքային զորքերի 5 բրիգադներից կրճատվելու է մեկը, մյուսներում ներքին կրճատումներ են իրականացվելու: Կրճատումներ են սպասվում նաև նախարարության կառուցվածքում. 53 դեպարտամենտներից մնալու է 35-ը:

Նոյեմբերին լրացավ Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի պաշտոնավարման ժամկետը: Նոյեմբերի 23-ին ԶՈւ ԳՇ նոր պետ նշանակվեց բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիան:

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիա

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիա

 

Խոշորագույն միջազգային զորավարժություններ

2016 թ. Վրաստանում անցկացվել է միջազգային 3 խոշոր զորավարժություն, որոնց մասնակցել են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի մի շարք այլ անդամներ:

Մայիսի 11-24-ին «Վազիանի» զորավարժարանում անցկացված  «Noble Partner – 2016» զորավարժությանը մասնակցել է 1300 զինծառայող: Առավել մեծ թվով զինծառայողներ ներգրավել են՝ ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարությունը (650),  Վրաստանը (500) և Մեծ Բրիտանիան (150): Ներգրավվել են Վրաստանի ԶՈւ զրահատեխնիկա, ամերիկյան М1А2 «Աբրամս» տանկեր և «Բրեդլի» ՀՄՄ-ներ, որոնք հատուկ զորավարժության համար Եվրոպայից Վրաստան էին տեղափոխվել Սև ծովով: Զորավարժությունն առաջին անգամ իրականացվել է 2015 թ.:

Սեպտեմբերի 1–9-ին «Օրփոլո» զորավարժարանում անցկացված «Agile Spirit – 2016» զորավարժությանը նույնպես ներգրավվել է ԱՄՆ ծովային հետևակի զրահատեխնիկա: Մասնակցել է նաև ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության ականանետային դասակ, Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի ԶՈւ ստորաբաժանումներ, Լատվիայի շտաբային սպաներ: Զուգահեռաբար հրամանատարաշտաբային վարժանքներ են անցկացվել «Վազիանի» զորավարժարանում:

Նոյեմբերի 10-20-ին Վրաստանում անցկացվել է  «ՆԱՏՕ – Վրաստան 2016» (NATO – GEO EX16) հրամանատարա-շտաբային զորավարժությունը: Մասնակցել են  Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ այդ թվում Թուրքիայի և ԱՄՆ 350 զինծառայողներներ:

Վրաստանում միջազգային զորավարժությունների անցկացումը բացասաբար է ընդունվել Ռուսաստանի կողմից: Նոյեմբերի 15-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ այդ ամենը սպառնալիք է տարածաշրջանի համար և դժվարացնում է վրաց-ռուսական հարաբերությունների «առողջացմանը»:

Վրաստանն իր հերթին պատասխանել է, որ հարևանները ՆԱՏՕ-ի հետ զորավարժություններում սպառնալիք տեսնելու հիմքեր չունեն:

ԱՄՆ զինուժի M777 հաուբիցը Վրաստանում անցկացվող զորավարժության ժամանակ

ԱՄՆ զինուժի M777 հաուբիցը Վրաստանում անցկացվող զորավարժության ժամանակ

 

Վրաստանի ռազմարդյունաբերական համալիր

Հունվարին հայտնի դարձավ, որ Վրաստանի ՊՆ «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնը հաղթել է Սաուդյան Արաբիայի հայտարարած մրցույթում և այդ երկրին է մատակարարելու 100 միավոր Didgori MedEvac սանիտարական-տարհանման զրահամեքենաներ՝ շուրջ 40 մլն ԱՄՆ դոլարով: Հունվարի 30-ին զրահամեքենաների առաջին խմբաքանակն արդեն ուղարկվեց Սաուդյան Արաբիա:

Արդեն օգոստոսի 25-ին արաբական լրատվամիջոցները տարածեցին Եմենի ապստամբների կողմից Սաուդյան Արաբիայի ԶՈւ Didgori զրահամեքենայի ոչնչացման կադրեր:

Մայիսի 26-ին՝ Վրաստանի անկախության օրը, «Դելտան» ներկայացրեց GMM-120 ինքնագնաց ականանետային համալիրը, որի վրա տեղադրված է «Դելտայի» արտադրած 120 մմ-ոց ականանետային մոդուլ: Ըստ ընկերության՝ համալիրը «նախատեսված է Մերձավոր Արևելք արտահանելու համար»:

 

Վրաստանում զորակոչի չեղարկում և վերականգնում

Հունիսի 27-ին Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացող Թինաթին Խիդաշելիի հրամանով հանվեց Վրաստանի ԶՈւ պարտադիր զինվորական ծառայությունը: Հրամանը չէր վերաբերում ՆԳՆ և այլ ուժային կառույցների զորակոչերին: Խիդաշելին հրամանը ստորագրել էր հենց լրագրողների աչքի առաջ՝ անմիջապես դրա մասին հայտարարելուց հետո: Սա մեծ արձագանք գտավ հասարակության շրջանում: Ընդ որում նշվում էր, որ Խիդաշելին որոշումը կայացնելիս չի խորհրդակցել ո՛չ նախագահի, ո՛չ Ազգային անվտանգության խորհրդի, ո՛չ էլ կառավարության հետ:

Վրաստանի հասարակական գործիչների մի մասը նույնիսկ նշում էր, որ սա ընդամենը պոպուլիստական քայլ էր՝ ուղղված 2016 թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Խիդաշելիի հեղինակության բարձրացմանը: Սակայն ընտրությունների արդյունքում Խիդաշելին և նրա կուսակցությունը չանցան խորհրդարան:

Նոյեմբերի 7-ին նոր նախարար Լևան Իզորիան հայտարարեց Վրաստանի ԶՈւ պարտադիր զինծառայության զորակոչը վերականգնելու մասին:

Վրաստանի ԶՈւ առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողները

Վրաստանի ԶՈւ առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողները

 

ՆԱՏՕ-ի Վարշավայի գագաթնաժողովը

Հուլիսի 8-9-ին Վարշավայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցել են նաև Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները: Վրացական կողմը ներկայացրել էին նախագահ Մարգվելաշվիլին և ՊՆ Թինա Խիդաշելին: Գագաթաժողովում քննարկվող թեմաներից մեկը սևծովյան անվտանգության համակարգի հարցն էր, որի անդամ ցանկանում էր դառնալ Վրաստանը: Սակայն Վարշավայում այդ համակարգին Վրաստանի մասնակցության մասով որևէ հստակ որոշում չի կայացվում: Որևէ որոշում չի կայացվում նաև Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի հետ կապված:

Հուլիսի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Վրաստան կատարած երկօրյա այցի ընթացքում ստորագրվում է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև պաշտպանական համագործակցության հուշագիրը:  Հուշագրում ասվում էր, որ ԱՄՆ-ն մտադիր է խորացնել համագործակցությունը Վրաստանի հետ՝ օժանդակելով սպառազինության մատակարարումներին: Այդ շրջանակներում սեպտեմբերին ԱՄՆ-ն Վրաստանին տրամադրել է Island տիպի 2 միավոր պարեկանավ:

Հոդվածի հեղինակ՝ Վլադ Վարդանյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *